Համաշխարհային ջազմեն Սերգեյ Մանուկյանը համերգային ծրագրով հանդես կգա Շուշիում
Ջազի հայկական ասոցիացիայի, «Մեցցո Պրոդաքշն» ընկերության և Արցախի պետական ջազ նվագախմբի համատեղ նախաձեռնությամբ նոյեմբերի 11-ին Շուշիի մշակույթի և երիտասարդության կենտրոնում տեղի է ունենալու «Երևան ջազ ֆեստն Արցախում» համերգային նախագիծը:
Համաշխարհային ջազմեն Սերգեյ Մանուկյանը համերգային ծրագրով հանդես կգա Շուշիում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 31, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Արցախի պետական ջազ նվագախմբի գեղարվեստական ղեկավար, հիմնադիր Տիգրան Լալայանը:
Նա նշել է, որ համերգի պատվավոր հյուրը լինելու է ռուսահայ ջազ և սոուլ վոկալիստ, երգահան, երաժիշտ, համաշխարհային ջազմեն Սերգեյ Մանուկյանը:
Տ. Լալայանի խոսքով՝ փառատոնի նպատակն է Արցախում պահպանել, տարածել ու զարգացնել ջազը, ինչպես նաև Արցախի պետական ջազ նվագախմբի անունը միջազգային հարթակներին ճանաչելի դարձնել:
Խոսելով Արցախի պետական ջազ նվագախմբի մասին՝ մեր զրուցակիցն ասել է, որ արդեն 12 տարի է ինչ այն գործում է:
«Այդ տարիների ընթացքում մենք կատարելագործվել, հղկվել ու ճանաչելի ենք դարձել հանրությանը: Համերգային ծրագրերով հանդես ենք եկել Արցախում և արտերկրում: Առաջիկայում արտերկրից ևս ունենք հրավերներ՝ մասնակցելու համերգային ծրագրերի, որը խթան կհանդիսանա մեր նվագախմբի անվան տարածման և ճանաչման գործում»,-ավելացրել է Տ. Լալայանը:
Տեղեկացնենք, որ համերգային նախագծի մուտքի տոմսի արժեքը 2000 դրամ է: