Artsakhpress

Ռազմական

Կրակոցների ու լռության արանքում զինվորները պատմում են մարտական հերթապահության մասին

«Երեք օր է` չեն կրակել»,-ասում է զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Էմիլ Օհանյանը: Մտահոգ ու տագնապած է ասում: «Որ կրակում են, հանգիստ ենք: Էսպես ոնց որ իրենց մտածածը թաքցնեն»: Պտտում է ղեկը, դարձնում արագության բռնակը. դիրքեր ենք բարձրանում:

Կրակոցների ու լռության արանքում զինվորները պատմում են մարտական հերթապահության մասին

Կրակոցների ու լռության արանքում զինվորները պատմում են մարտական հերթապահության մասին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ՄԱՐՏԻԿ: Փոխգնդապետը պետք է ստուգի առաջնագծում իրականացվող ինժեներական աշխատանքները, կրակի վարման և դիտարկման համակարգերը, անձնակազմի տրամադրությունը. ծառայությունը մնում է ծառայություն` նույնիսկ եթե չեն կրակում:
Հեռվում էքսկավատորը փորում է հողը: Մեկը մյուսի ետևից ձգվող հողաթմբերը ուղտերի քարավան են հիշեցնում: Այլընտրանքային երթուղին է, որ հակառակորդի աչքի համար անտեսանելի է դարձնելու տեխնիկայի շարժը:  Մեր մեքենան կանգ է առնում: Մի երկու բառ ենք փոխանակում ճանապարհը կառուցող Նիկոլայ դայու հետ: Խոսում է աշխուժությամբ, թեև առավոտյան ժամը յոթից աշխատում է:
Տեղանքը դիտարկվող է, ինքն իրեն քողարկելով է առաջանում. «Օրը վեց ժամ փորում եմ: Տեխնիկան բանակինն է: Փառք Աստծո, «պադվադիտ» չի անում: Քանի կյանքս հերիքում է, իմ«ամագը» թողնեմ: Ո՞վ ենք մենք առանց բանակի, առանց զինվորի, առանց պինդ սահմանի,-դեղին էքսկավատորի ալեհեր վարպետը հարց է տալիս, ապա, ուսերը թերահավատ վեր քաշելով, ինքն էլ պատասխանում,-տուն` առանց կտուրի»: 
Փոխգնդապետ Օհանյանը Նիկոլայ դայուն մի քանի գործնական խորհուրդ է տալիս, նաև` գովասանքի խոսք ասում: Եվ էքսկավատորն ավելի մեծ եռանդով է շարունակում աշխատանքը. «շերեփով»  վերցնում է հողն ու լցնում նոր գոյացող թմբի վրա: Եվ այդպես նորից, նորից ու նորից: Հողե պատնեշն առնվազն վեց մետր բարձրություն պետք է ունենա:
Մեքենան սլանում է անվերջ թվացող ճանապարհով: Հասնում ենք բարձունքին: Այստեղ է տեղակայված զորամասի հրամանատարական նորակառույց կետը: Տեղանքը պատահական չէ ընտրված` լայնածավալ տեսադաշտ է ապահովում:  Ընդարձակ շինություն  է` հարմար դիտակետերով: Պատերը շարված են խնամքով` ծածկված թարմ ծեփով: Ինժեներասակրավորային վաշտի հրամանատար, կապիտան Վրեժ Ղահրամանյանն է կազմակերպում շինարարական աշխատանքը: Վստահեցնում է` այսօր գործը կավարտեն:
Ինքն էլ փոշոտ է ու քրտնած. զինվորների հետ հավասար գործ է անում:  «Ամրոցի նման ամուր է: Այստեղից անհրաժեշտության դեպքում հրամանատարությունը ղեկավարելու է մարտը: Պիտի հուսալի լինի,-խոսքն ավարտելուն պես կապիտանը հրահանգներ է տալիս իր զինվորներին,-քար բերեք, շաղախ սարքեք»: Եվ տղաները միանգամից հողի վրա` մի կլոր տեղ բացած, իրար են խառնում կիրն ու ավազը: Սրտանց են աշխատում` ասես իրենց սեփական տունը կառուցեն:
Մեր մուգ  կապույտ «ուազը» սլանում է մի ճանապարհով, որ ժամանակին Բաքու էր տանում: Հիմա ինձ ուղեկցող զինվորականները կարծես չեն հավատում, որ այս ճանապարհը երբևէ կվերագտնի իր երբեմնի աշխուժությունը:
Նկուղ հիշեցնող գետնափոր կառույցի մուտքի մոտ ենք: Զորամասի կառավարման պահուստային կետն է: Փոխգնդապետ Օհանյանը պատկերավոր է ասում «մեր թոքերը»: Նկուղ հիշեցնող այս շինությունը ներսից  ստորգետնյա թագավորության է նման` բարձր առաստաղով, առանձնացված սենյակներով: Շուրջօրյա հերթապահություն է սահմանված: Մոնիտորի դիմաց զորամասի կապի պետ, մայոր Գրիգորի Արշակյանն է` ստուգում է տեսադիտարկման համակարգը: Էկրանին տարբեր ստորաբաժանումներից ստացվող պատկերներ են` առցանց ռեժիմով: Հակառակորդի ցերեկային եւ գիշերային տեղաշարժերը վերահսկվում են մեծ խորությամբ: Սարքերն ամիսը մեկ անգամ ստուգվում են: Իսկ թե համակարգը հանկարծ խափանվի, անսարքությունը րոպեներ անց կվերացվի: «Տեսադիտարկման համակարգը պարբերաբար թարմացվում է` տեսախցիկները նոր են,  ավելի որակյալ, աշտարակների  բարձրությունն ենք մեծացրել:
Հակառակորդը, իհարկե, կրակել է, փորձել է վնասել, բայց չի հաջողվել,-ասում է մայոր Արշակյանն ու ցույց  տալիս ադրբեջանական բազան, - սա էլ նրանց թիկունքային ապահովման կետն է, այն մեկն էլ` հրետանային ստորաբաժանումը: Շարժ չկա: Երեկ, սակայն, շարասյան պոչը չէր երեւում` զրահամեքենաներ, հրանոթներ էին տեղաշարժում»: Հասկանում եմ՝ ոչ ոք չի կարող ասել, թե ինչ է սպասվում այսօր,  վաղը, հաջորդ րոպեին. առաջնագծի խաղաղ շնչի մեջ միշտ մի քիչ տագնապ կա:
Դիրքեր թեքվող ճամփաբաժնին մի անսովոր մեքենա է երեւում. շրջիկ բաղնիքն է: Մարտական հերթապահության 14 օրերի ընթացքում զինվորներն երկու անգամ լողանալու հնարավորություն ունեն: «Քիչ չէ՞»-մտորում եմ: Փոխգնդապետ Օհանյանը բացատրում է, որ լոգանք կազմակերպելը բարդ է, որ  մի առանձին մեքենայով էլ ջուրն են հասցնում, որ հիգիենիկ նորմերը պահպանելու համար նաեւ բուժանձնակազմն է ներգրավվում: «Բայց տղաները ոնց են սիրունանում-թարմանում: Ջուրը քշում-տանում է քրտինքը, փոշին, հոգնածությունը, ծանր մտքերը»,-ասում է հրամանատարը:
Վերևում ենք: Առաջին հայացքից սովորական դիրք է` ցից-ցից խրտվիլակներով, անվադողերով ամրացված հողաթմբերով: Բայց որտեղի՞ց սեխի այս անուշ, թարմացնող բույրը:  Դիրքի ավագը` Վաչեն, ցույց է տալիս ձմերուկի ու սեխի փարթամ թփերը, որ փռել են փեշերը, փաթաթվել հողին: Զինվորն  ասում է` հողը չպիտի անբույս լինի, անբնական է: Դրա համար էլ դիրքամերձ փոքրիկ հողակտորում  սեխ ու ձմերուկ են աճեցնում, եւ երբ որեւէ մեկը գալիս է այցելության, անպայման հյուրասիրում են կրակոցների տակ հասունացած բարիքներից: Գուցե հենց այսպես է փոշեթաթախ տարածությունը հայրենիք դառնում:
Խրամատ բարձրանալուց առաջ կանգ ենք առնում փոքրիկ ծածկի տակ. աղոթատեղին է` մեղրամոմի ու խնկի բույրով: Ծխակալած պատերից մեզ են նայում գունատ սրբապատկերներ, փայտե ձեռակերտ խաչեր: Հավատի այս փոքրիկ տաճարում «Հայր մերն» արտասանելիս ինչի՞ մասին են մտածում տղաները, ինչի՞ մասին են երազում, ի՞նչ են խնդրում բարձրյալից:  Աչքովս է ընկնում անվարժ ձեռագրով գրված գրությունը. «Աստված պահապան բոլոր հայրերին ու մայրերին»: Վաչեն էլի բանաձեւում է. «Որպեսզի փորձանքի չգաս` պիտի հավատաս, որ վերեւից մեկը քեզ պահում է»: Պատմում է, որ հակառակորդի զինվորներն էլ են հաճախ բարձրաձայն աղոթում. «Իրենք իրենց աստվածն ունեն, մենք մերը»,-ասում է դիրքի ավագն ու առաջանում նեղլիկ խրամատով:
Դիտարկում կատարողը դասակի հրամանատարն է` ավագ լեյտենանտ Դավիթ Զաքարյանը: Նրա համար ապահովության երաշխիքը լավ կահավորված դիրքն է: Ասում է` եթե զինվորն իրեն անվտանգ զգաց խրամաբջիջում, ուրեմն հոգեպես էլ կամրապնդվի: Շատ է զրուցում տղաների հետ, բացատրում, հաճախ էլ խնդրում, որ դիտարկվող հատվածներ դուրս չգան, որ շրջանցեն ականապատ տեղանքը: Ասում է` գուցե հոգնածությունն է պատճառը կամ վախը հաղթահարելու ցանկությունը կամ անտարբերությունը, որ զինվորները խախտում են անվտանգության սահմանված կանոնները: Երիտասարդ հրամանատարը իրենից գրեթե չի խոսում, միայն. «Էստեղ համոզվել եմ, որ ճիշտ մասնագիտություն եմ ընտրել»:
Դիրքապահ Ռոբերտն էլ է որոշել զորացրվելուց հետո ծառայության անցնել. «Երբ համազգեստով եմ, մարդիկ ավելի սիրալիր են: Արձակուրդին քաղաք գնացի, գազելի վարորդը տոմսի գումարը չվերցրեց, մի տարիքով կին էլ հարցրեց՝ որտեղ եմ ծառայում, ու պաչեց ճակատս, թե` Աստված հետդ»,-զինվորի զգաստ դեմքին  այնքան ջերմ ժպիտ է ուրվագծվում:
Հրաժեշտից առաջ հավաքվում ենք բացօթյա սեղանի շուրջ: Տղաները հյութ են լցնում խոշոր բաժակների մեջ, Աշոտը իր պատրաստած սուրճն է հյուրասիրում, Արայիկն էլ սեղանին է դնում քաղցր սեխն ու ձմերուկը: Իսկ փոխգնդապետ Օհանյանի անխորտակ թվացող խստությունը միանգամից մեղմվում է իր զինվորների հետ անկաշկանդ զրույցից:        
Շուշան Ստեփանյան
Լուս.` հեղինակի

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search