Նիդերլանդների Հաագա քաղաքի համանուն եկեղեցում հոկտեմբերից ապաստանած Թամրազյանների ընտանիքին երկրում բնակվելու իրավունք չեն տա:
Եկեղեցում ապաստանած հայկական ընտանիքի անդամները կարտաքսվեն Նիդերլանդներից
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: SHANTNEWS.am-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել Dutchnews-ը:
Բեթել եկեղեցու խոսնակը հոլանդական պարբերականին տված հարցազրույցում պատմել է, որ արդարադատության նախարարության ներկայացուցիչը հայտնել է, որ չի օգտագործի իր կապերը ընտանիքի համար կեցության թույլտվություն ստանալու համար:
Հաագայի եկեղեցին, բնութագրելով նախարարության ներկայացուցչի որոշումը, որպես կոշտ և անարդար, հայտարարել է, որ կշարունակի պատարագ մատուցել 24 ժամ:
Բանն այն է, որ համաձայն Նիդերլանդներում գործող օրենքների՝ իրավապահ մարմիններն իրավունք չունեն մուտք գործել եկեղեցու տարածք, երբ այնտեղ պատարագ է մատուցվում, հետևաբար, ընտանիքի արտաքսման համար ոստիկանները պատարագի ընթացքում չեն կարողանա մուտք գործել եկեղեցի: Հոկտեմբերից ի վեր պատարագների է մասնակցել ավելի քան 650 կամավոր:
Նշենք, որ այս պատմությունը հայտնվել է ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանյան լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում (CNN, the New York Times, Time ամսագիր):
Ընտանիքը Նիդերլանդներում է արդեն ինը տարի. ապաստան տրամադրելու դատական գործընթացները շարունակվել են տարիներ: Այս ընթացքում Թամրազյանների ընտանիքի անդամներն արդեն հասցրել են ինտեգրվել տեղի հասարակությանը, ձեռք բերել ընկերներ:
Միայն հոկտեմբերի 25-ին դատարանը վճիռ է կայացրել, համաձայն որի՝ ընտանիքը պետք է վերադառնա հայրենիք՝ Հայաստան, որը Նիդերլանդների կառավարությունը համարում է ապահով վայր նրանց համար: