Panorama.am-ի հարցազրույցը Ֆրանսիայում բնակվող Huffington Post-ի հոդվածագիր, Եվրամիության և Փոքր Ասիայի հարցերով քաղաքական վերլուծաբան Լորան Լեյլեկիանի հետ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցությունների վերջին զարգացումների շուրջ։
Լորան Լեյլեկիան․ ԼՂ բանակցային գործընթացում կա թափանցիկության պակաս
- Առաջին հերթին կցանկանայի ընդգծել թափանցիկության պակասը, բանակցային գործընթացը գաղտնի է պահվում է։ Անգամ չգիտենք, թե ինչ է սեղանի վրա, այդ իսկ պատճառով էլ դժվար է ունենալ վերջնական կարծիք։ Ինձ մոտ տպավորություն է, միգուցե պեսիմիստական, որ սա Ադրբեջանի կողմից վարվող կոմունիկացիոն քաղաքականության ձև է։ Իմ տեսակետը հետևյալն է․ վերջերս տեղի ունեցած հայտնի «թավշյա հեղափոխությունից» հետո Հայաստանը բավական լավ իմիջ ունի՝ դինամիկ երկիր է, որն առաջ է գնում, և Հայաստանի այս նոր իմիջի դեմ պայքարելու համար Ադրբեջանը փորձում է ստեղծել զիջելու տպավորություն, համաձայնել բանակցությունների։ Սա Ադրբեջանի կողմից միջոց է կամ ինչ-որ կոմունիկացիոն քաղաքականություն վարելու, որպեսզի ինքն էլ դրական իմիջ ունենա, կամ նրանք պարոն Փաշինյանից սպասում են Ղարաբաղի հարցում փորձի պակաս ու փորձում են օգուտ քաղել Հայաստանի այս ենթադրյալ թուլությունից։ Անկեղծորեն, ես կարծում եմ, որ սա ավելի շատ կոմունիկացիոն քաղաքականություն է։
- ԱԳ նախարարների հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածեցին բավական դրական հայտարարություն, որտեղ ասվում էր, որ նախարարները համաձայնել են «միջոցներ ձեռնարկել բնակչությանը խաղաղ լուծման նախապատրաստելու համար»։ Ինչ եք կարծում, սա հնարավոր է՞։
- Երբ Մինսկի խումբն ասում է, որ երկրները պետք է քայլեր ձեռնարկեն բնակչությանը զիջումների նախապատրաստելու, նրանք իրականացնում են իրենց դերը, դա նրանց պարտականությունն է այսպես ասելու ու սա առաջին անգամ չէ։ Վախենում եմ, որ հիմա մարդիկ Ղարաբաղում ընդհանրապես պատրաստ չեն զիջումների գնալ, ինչպես նաև Հայաստանում ու Ադրբեջանում: Սա հազիվ թե հավատալի է։ Ես ավելի պեսիմիստ եմ։
- Ի՞նչ կարող ենք կանխատեսել ԼՂ բանակցություններում մոտ ապագայում։
- Ներկա պահին, Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունների շնորհիվ, Ադրբեջանը կանգնած է դժվարին իրավիճակի առաջ․ ընդամենը օրեր առաջ Ադրբեջանին քննադատեց Եվրոպական խորհրդարանը մարդու իրավունքների համար։ Միևնույն ժամանակ Ադրբեջանը շարունակում է զենք գնել շատ երկրներից, այդ թվում իմ երկրից՝ Ֆրանսիայից, նրանք նաև լոբբիստական աշխատանք են կատարում Ֆրանսիայում, որպեսզի Ֆրանսիայի իշխանությունները դատական գործեր սկսեն այն քաղաքների դեմ, որոնք այսպես կոչված բարեկամական համաձայնագրեր են հաստատում Ղարաբաղի քաղաքների հետ։ Այնպես որ ես Ադրբեջանում ոչ մի փոփոխություն չեմ տեսնում։ Նրանք ինչ-որ դիսկուրս են անում, բայց իրավիճակը չի փոխվում։
Խաղաղության նախապատրաստումն ուղղակի Մինսկի խմբի կողմից ցանկալի իրականությունն է, որ նրանք կոչ են անում երկրներին։ Նրանց ցույց են տալիս այս դրական տրամադրությունը, բայց ի վերջո ես նոր բան չեմ տեսնում։ Վերջերս նաև զորքերի տեղաշարժեր են եղել Նախիջևանում, և ես չեմ տեսնում որևէ ճեղքում բանակցություններում, քանի դեռ Մինսկի խումբը չի ստիպել կողմերին զիջումների գնալ։ Այնպես որ, չեմ տեսնում համաձայնության հասնելու հնարավորություն մոտ ապագայում։