ՀԷԿ-երում բնապահպանական պահանջների պահպանման նկատմամբ պետք է աչալուրջ հսկողություն իրականացնել. պետնախարար
Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի գլխավորած միջգերատեսչական պատվիրակությունը հունվարի 19-ին այցելել է Քաշաթաղի շրջանի հյուսիսային թևի Սոնասարի ենթաշրջան, ծանոթացել պետական և մասնավոր միջոցներով իրականացվող ծրագրերին և անցկացրել աշխատանքային խորհրդակցություն։
ՀԷԿ-երում բնապահպանական պահանջների պահպանման նկատմամբ պետք է աչալուրջ հսկողություն իրականացնել. պետնախարար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ՝ այցի սկզբում պետական նախարարը նախ Բերձորում այցելել է երկաթբետոնե կոնստրուկցիաներ արտադրող «Քոչար-Շին» նորաբաց ՍՊ ընկերություն և ծանոթացել իրականացվող աշխատանքներին։
Գ․ Մարտիրոսյանը կարևորել է էլեկտրական մետաղյա սյուների տեղադրման գործում օգտագործվող արտադրանքի թողարկումը՝ ընդգծելով դրա անհրաժեշտությունը հանրապետության էներգետիկ ոլորտի զարգացման գործում։ Այնուհետև պետական նախարարն այցելել է Աղավնոյի 110/35/10 ԿՎտ լարման 80 մՎԱ ենթակայան, որտեղ ծանոթացել է տեխնիկական վերազինման աշխատաքներին։
Գ․ Մարտիրոսյանի այցի հաջորդ կանգառը Աղավնո գյուղի մոտակայքում կառուցվող 6,8 ՄՎտ դրվածքային հզորությամբ «Էմ-Էներգո-Էլ» ջրամբարով ՀԷԿ-ն է, որտեղ պետնախարարը ծանոթացել է շինարարական աշխատանքների ընթացքին, հետաքրքրվել շահագործման ժամկետների մասին։
Պետնախարարի՝ Քաշաթաղի շրջանի հյուսիսային թև այցելությունը նույնպես սկսվել է կառուցվող և գործող ՀԷԿ-երից, որոնք աշխատում են Հոչանց գետի ջրային ռեսուրսների միջոցով։ Գ․ Մարտիրոսյանն ընդգծել է, որ ՀԷԿ-երի կառուցումը տնտեսության կայուն և հեռանկարային զարգացման համար ռազմավարական նշանակություն ունի, սակայն այն չպետք է իրականացվի բնապահպանական նորմերի խախտմամբ։
Գ․ Մարտիրոսյանը տեղում հանձնարարական է տվել բնապահպանության նախարարին՝ ավելի աչալուրջ հսկողություն իրականացնելու հանրապետության տարածքում գործող բոլոր ՀԷԿ-երում բնապահպանական պահանջների պահպանման նկատմամբ։