Սպիտակ տան աշխատակազմի նախկին ղեկավար Ջոն Քելլին հայտարարել է, որ այդ աշխատանքն ամենավատն է եղել իր ողջ կյանքի ընթացքում, իսկ այդ պաշտոնից հեռանալը` ամենալավ բանը` իր նշանակման պահից ի վեր:
Սպիտակ տան աշխատակազմի նախկին ղեկավարը խոստովանել է, որ ատել է իր աշխատանքը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Աղբյուրի փոխանցմամբ` այդ մասին ասված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախկին օգնականներից մեկի` Քլիֆ Սիմսի հեղինակած «Սրիկաների թիմը» գրքում, որը լույս կտեսնի հաջորդ շաբաթ, հայտնում է tert.am-ը:
«Մարդիկ կարծում են, որ ես մտահոգվում եմ, երբ գրում են, որ ինձ կարող են ազատել պաշտոնից: Եթե դա երբևէ տեղի ունենա, դա իմ կյանքի լավագույն օրը կլինի»,- նշել է Քելլին:
The Washington Post-ը գրել է, որ Ջոն Քելլին այդ մասին Քլիֆ Սիմսին խոստովանել է, երբ երկուսն էլ դեռ աշխատում էին Սպիտակ տանը:
Ըստ աղբյուրի` նա նաև ավելացրել է, որ Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի պաշտոնում նա առաջին հերթին ծառայել է ժողովրդին, հետո` ԱՄՆ նախագահին: Քելլին նույնիսկ խոստովանել է, որ Թրամփը հարմար չէ նախագահի պաշտոնի համար:
Նշենք, որ Ջոն Քելլին Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի պաշտոնը ստանձնել է 2017-ի հուլիսին, իսկ պաշտոնը լքել է 2019-ի հունվարին: