Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Արտոնությունների ընդհանրացված համակարգի`GSP-ի շրջանակում Թուրքիայի հետ առևտրի արտոնյալ ռեժիմը չեղարկելու մասին որոշումը:
«Թող ոչ ոք չփորձի մեզ նման կերպ դաստիարակել». Էրդողանը խոսել է Թուրքիայի հետ առևտրի արտոնյալ ռեժիմը չեղարկելու Թրամփի մտադրության մասին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: 24 TV հեռուստաալիքին տված հարցազրույցում Էրդողանը նշել է, որ ԱՄՆ առաջնորդի նման քայլն անկեղծ ու ճիշտ չի համարում, հայտնում է Tert.am-ը:
«Մի կողմից առևտրաշրջանառությունը 75 մլն դոլարի հասցնելու նպատակ ենք դնում մեր առջև, հետո փեսայիդ (Ջարեդ Քուշներին-Tert.am) ուղարկում ես Թուրքիա, ասում ես՝ «տնտեսական հարաբերությունների շուրջ խոսենք»: Ես էլ ընդունեցի փեսային, մեր փեսայի հետ էլ նստեցին, խոսեցին և այլն, դրանից հետո միանգամից նման որոշում կայացնելը, իհարկե, մտահոգիչ է: Անշուշտ, պարոն Բերաթը (Թուրքիայի ֆինանսների նախարար, Էրդողանի փեսա Բերաթ Ալբայրաքը-tert.am) այս շաբաթ կզանգի, կխոսի այս մասին: Սրանք սազական բաներ չեն: Թող ոչ ոք չփորձի մեզ նման կերպ դաստիարակել», - ասել է Էրդողանը:
Հիշեցնենք, որ Թուրքիայի վերաբերյալ նման որոշման պատճառ է դարձել թուրքական տնտեսության զարգացման մակարդակը վերջին մի քանի տասնամյակում: Ըստ Թրամփի՝ Թուրքիայի տնտեսության զարգացման մակարդակը բավականին բարձրացել է, բացի այդ՝ Թուրքիան արդեն դուրս է եկել առևտրի արտոնյալ ռեժիմի համաձայնություններից, որոնք ունեցել է մի շարք այլ զարգացած երկրների հետ:
Այս ամենի հետ մեկտեղ ԱՄՆ ղեկավարը շեշտել է, որ իրենք հակված են Թուրքիայի հետ «արդար ու փոխշահավետ առևտրի իրականացման»: