Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ռեյտինգը նվազում է, ու հետխորհրդային երկրների տարածքների զավթումները կարող են բավարար չլինել այդ ռեյտինգի վերականգնման համար։
Առաջիկայում Ռուսաստանը հավանաբար տարածքներ է զավթելու Շվեդիայից ու Ֆինլանդիայից․ Սաակաշվիլի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Առաջիկայում Ռուսաստանը զավթումները կշարունակի արդեն Եվրոպայում։ Իր եզրակացությունները Foreign Policy հեղինակավոր հանդեսում ներկայացրել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, գրում է SHANTNEWS.am լրատվական կայքը:
Նա կարծիք է հայտնել, որ զավթման ենթակա տարածքները հավանաբար չեն լինի ՆԱՏՕ-ի անդամ երկրները, քանի որ դա հղի է Հյուսիսատլանտյան դաշինքի հետ անմիջական բախմամբ՝ դրանից բխող հետևանքներով։ Սաակաշվիլիի կարծիքով՝ Ռուսաստանը այլ ուղղությամբ կգնա՝ ԵՄ անդամ, բայց ՆԱՏՕ-ին չանդամակցող պետությունների հետ առճակատման։
«Մոտ ապագայում Ռուսաստանի ամենահավանական թիրախները կլինեն Ֆինլանդիան ու Շվեդիան», – այսպիսի եզրահանգման է եկել Վրաստանի նախագահը, որի իշխանության ժամանակ Վրաստանը տարածքներ կորցրեց Ռուսաստանի հետ բախման պատճառով․ Աբխազիան ու Հարավային Օսիան վերջնականապես հայտարարեցին իրենց անկախության մասին։
Սաակաշվիլին պնդում է, որ Ռուսաստանը կարող է ոչ թե լիարժեք ռազմական գործողություններ սկսել, այլ ուղղակի զավթել այս պետություններին պատկանող, առանձնացված տարածքներ, օրինակ՝ կղզիներն արկտիկական տարածքում։ Վրաստանի նախկին նախագահը պնդում է, որ այդպես է Ռուսաստանը վարվել Վրաստանի հետ բախման, Ղրիմի միավորման, Սիրիայում գործողություններ սկսելու ժամանակ․ այս ամենը, ըստ նրա, կատարվել է Պուտինի հեղինակությունը բարձր պահելու համար։