Պետական բյուջեների ձևավորումը միջնաժամկետ հատվածում կընթանա բյուջետային ծախսերի նկատմամբ եկամուտների գերազանցմամբ. Ա. Հարությունյան
Հարկային եկամուտները և պետական տուրքերը պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրով 2020 թվականին նախատեսվել են 52 մլրդ 180 մլն դրամ, 2021թ-ին՝ 58 մլրդ 200 մլն և 2022-ին՝ 65 մլրդ 200 մլն դրամի չափով, որի արդյունքում կանխատեսումային «Հարկեր/ՀՆԱ» հարաբերակցությունը կկազմի համապատասխանաբար 14, 14.2 և 14.4 %:
Պետական բյուջեների ձևավորումը միջնաժամկետ հատվածում կընթանա բյուջետային ծախսերի նկատմամբ եկամուտների գերազանցմամբ. Ա. Հարությունյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ, այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 18-ին, տեղի ունեցած ԱՀ կառավարության նիստին ասել է ԱՀ ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը՝ ներկայացնելով Արցախի Հանրապետության 2020-2022 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հաստատելու մասին կառավարության որոշման նախագիծը:
Ըստ նախարարի՝ այլ եկամուտները 2020-2022 թվականների համար ծրագրվել են տարեկան 500 մլն դրամի չափով` հաշվի առնելով գանձման համար պատասխանատու պետական կառավարման մարմինների կողմից բյուջետային գործընթացի շրջանակում համապատասխան հայտերով ներկայացված կանխատեսումները, կատարված օրենսդրական փոփոխությունները, ինչպես նաև առանձին եկամտատեսակների գծով նախորդ տարիներին արձանագրված հավաքագրումները:
«Միջպետական վարկի չափը 2020 թվականին կկազմի 65.6 մլրդ դրամ կամ 2019 թվականի համեմատ ավել 7.7 մլրդ դրամով (13.4 %-ով), 2021 թվականին կկազմի 71.2 մլրդ և 2022 թվականին 78.5 մլրդ դրամ: Միջնաժամկետ ծախսերի ծրագրով պետական բյուջեների ընդհանուր ծախսերը պլանավորվում է հետևալ չափերով՝ 2020թ-ի համար 118,015.4 մլն դրամ` 2019 թ-ի 114,410.5 մլն դրամի դիմաց, կամ ավել 3,604.9 մլն դրամով, 2021թվականի համար պլանավորվում է 124,194.5 մլն դրամ և 2022-ին՝ 130,164 մլն դրամ (աճը կազմում է 5.2 և 4.8 %): ՀՆԱ-ում ծախսերի մակարդակը կկազմի համապատասխանաբար 31.6, 30.2 և 28.7 %, ընթացիկ տարվա 33.8 %-ի դիմաց: Պետական բյուջեների ձևավորումը միջնաժամկետ հատվածում կընթանա բյուջետային ծախսերի նկատմամբ եկամուտների գերազանցմամբ, որի արդյունքում 2020 թվականի պրոֆիցիտը կկազմի 238.9 մլն դրամ, 2021 թվականին 5,7 մլրդ դրամ և 2022 թվականին 14 մլրդ դրամ, որը նախատեսվում է ուղղել նախորդ տարիների դեֆիցիտի մարման համար ներգրավված փոխառու միջոցների գծով վճարումների իրականացմանը»,-ավելացրել է Ա. Հարությունյանը:
Նրա խոսքով՝ միջնաժամկետ ծախսերի ծրագրով առաջարկվող բյուջետային ծախսերի ծավալների, կազմի ու կառուցվածքի ձևավորման ընթացքում առաջնորդվել են բյուջետային նորմատիվների և ծախսային ուղենիշերի ու առաջնահերթ գերակայությունների, ինչպես նաև ֆինանսական կարգապահության կանոնների խիստ պահպանման սկզբունքով, որն իր հերթին կանխատեսվել է տնտեսության զարգացման տեմպերի ապահովմանն ուղղված Կառավարության քաղաքականությանը համապատասխան:
«Ընդհանուր առմամբ կարող ենք նշել, որ միջնաժամկետ ծախսերի ծրագրի կազմման հիմքում դրվել են հետևյալ սկզբունքները` կայուն տնտեսական աճի ներուժի բարձրացում, ենթակառուցվածքների զարգացում, եկամուտների հավասարակշռված և արդյունավետ հավաքագրում, ինչպես նաև գործարար միջավայրի բարելավում և ֆինանսական կարգապահության ուժեղացում, նպատակ ունենալով ինչպես ապահովել նախորդ տարիների ձեռքբերումների շարունակական զարգացումը, այնպես էլ նախադրյալներ ձևավորելու տնտեսական, սոցիալական և մնացած բոլոր համակարգերում իրատեսական բարեփոխումների իրականացման շարունակականությունն ապահովելու համար»,-մասնավորապես ասել է Ա. Հարությունյանը: