Ես համագործակցելու եմ քաղաքական այն ուժերի հետ, ովքեր կընդունեն օրակարգը, այն է՝ Արցախի սոցիալ-տնտեսական զարգացումը, անվտանգությունը և որ Արցախը Հայաստան է:
Արցախում ես հակառակորդ, թշնամի չունեմ. Արայիկ Հարությունյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 1, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Ա. Հարությունյանը՝ նշելով, որ ինքը պատրաստակամ է համագործակցելու բոլոր այն ուժերի հետ, որոնք հետագա աշխատանքը կծավալեն հենց այս շրջանակներում:
«Արցախում ես հակառակորդ, թշնամի չունեմ: Բոլորի հետ էլ անցած ճանապարհ ունեմ: Մենք բաց ենք բոլոր քաղաքական ուժերի համար, պետք է բոլորս լինենք միակամ և կառավարենք ճիշտ ձևով: Մենք ունենք շատ կարևոր խնդիր՝ պարենային, էներգետիկ և ռազմական ոլորտներում, և չպետք է խմբավորումների բաժանվենք. առաջիկայում ունենալու ենք տնտեսական աղետ և պետք է ճիշտ գործենք ու լինենք միասնական»,-մասնավորապես ասել է Ա. Հարությունյանը:
Խոսելով ընտրությունների երկրորդ փուլի մասին՝ ԱՀ նախագահի թեկնածուն ասել է, որ իր ղեկավարած քաղաքական ուժը պատրաստ էր դրան, և այդ համատեքստում էական է մեր հայրենակիցների սկզբունքայնությունը:
«Ընտրությունների արդյունքներից հետո որևէ քաղաքական ուժի ներկայացուցչի հետ չեմ հանդիպել և քննարկումներ չեմ ունեցել: Իսկ ով կասկածում է մեր հայրենակիցների սկզբունքայնության վրա, չարաչար սխալվում է: Ափսոսում եմ, որ «Ազգային վերածնունդ» կուսակցությունը չկարողացավ հաղթահարել անցողիկ շեմը»,-ավելացրել է Ա. Հարությունյանը: