Այսօր ջազի միջազգային օրն է. այն 19-րդ դարի վերջում և 20-րդ դարի սկզբում աֆրիկյան և եվրոպական երաժշտական ոճերի սինթեզման արդյունքում առաջացած երաժշտական արվեստի ձև է:
Ջազն Արցախում օրեցօր զարգանում է. այսօր ջազի միջազգային օրն է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Օրվա առթիվ «Արցախպրես»-ի թղթակցը զրուցել է Արցախի պետական ջազ նվագախմբի գեղարվեստական ղեկավար, հիմնադիր Տիգրան Լալայանի հետ:
Նրա խոսքով՝ Արցախում ջազ նվագախումբ ստեղծելու գաղափարն իր մոտ առաջացել է դեռևս 2004 թվականին: Մի խումբ երաժիշտ ընկերներով համախմբվելով՝ սկսել են իրենց գործունեությունը՝ որպես պետական գրանցում չստացած նվագախումբ: 2006 թվականին նվագախումբը ստացել է պետական կարգավիճակ:
«Մեր նվագախումբը 2007 թվականին առաջին անգամ մասնակցել է Հայաստանում կայացած ջազի միջազգային փառատոնին, որտեղ արժանացել ենք գնահատանքի, ինչն էլ ոգևորել է մեզ մեր հետագա գործունեության մեջ: Այնուհետ մասնակցել ենք մի շարք համերգների՝ ինչպես հանրապետությունում, այնպես էլ արտերկրում: Հյուրախաղերի ընթացքում ձեռք ենք բերել հայտնի երաժիշտ ընկերներ, որոնց հետ սկսել ենք համագործակցել: Նվագախմբի աշխատակիցներս ջանք ու եռանդ չենք խնայում, որպեսզի Արցախում էլ ավելի զարգանա ու տարածվի ջազը: Մենք փորձում ենք հանդես գալ ինքնատիպ երաժշտությամբ՝ խորքում պահելով հայկական ոգին: Այս տարվա համար մենք ծրագրեր ունենիք իրականացնելու, որոնք, ցավոք սրտի, չեն իրականացվել՝ կապված Նոր կորոնավիրուսի հետ: Մեր նվիրական գործունեության շնորհիվ Արցախում կարողացել ենք ունենալ ջազ երաժշտությանը հավատարիմ հանդիսատես, ով նոր ուժ ու դրական լիցքեր է տալիս նվագախմբին»,-մասնավորապես ասել է Տ. Լալայանը՝ ընգծելով, որ ջազն Արցախում օրեցօր զարգանում է:
Մեր զրուցակիցը ջերմորեն շնորհավորել է բոլոր երաժիշտներին ջազի միջազգային տոնի առթիվ՝ մաղթելով նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ: