Ռեժիսոր Ջիվան Ավետիսյանը պատրաստվում է իր նոր`«Վերջին բնակիչը» ֆիլմի նախագիծը ներկայացնել Կաննի 67-րդ փառատոնի կինոշուկայում: Արցախ աշխարհի մասին պատմող նոր ֆիլմի դեպքերը տեղի են ունենում 1988-89 թվականներին:
Ջիվան Ավետիսյանն Արցախի մասին պատմող իր նոր ֆիլմի նախագիծը կներկայացնի Կաննի կինոշուկայում
Ռեժիսոր Ջիվան Ավետիսյանը պատրաստվում է իր նոր`«Վերջին բնակիչը» ֆիլմի նախագիծը ներկայացնել Կաննի 67-րդ փառատոնի կինոշուկայում: Արցախ աշխարհի մասին պատմող նոր ֆիլմի դեպքերը տեղի են ունենում 1988-89 թվականներին:
«Հայաստանի ազգային կինոկենտրոնը հնարավորություն է ընձեռել ինձ Կաննի կինոշուկայի հայկական տաղավարում ներկայացնել իմ նոր պատմությունը: Բացի այդ, ռուսական կողմ ևս թույլատրել է իր տաղավարում մի քանի րոպե ներկայացնել նախագիծը: Նրանք ամեն տարի ընտրում են մի քանի նախագծեր, որոնց հեղինակներին հնարավորություն են տալիս մի քանի րոպեով հանդես գալ իրենց տաղավարում: Այս տարի նախագծերից մեկն էլ «Վերջին բնակիչն» է: Գուցե համարտադրողներ հայտնվեն, և կինոնկարը դառնա միջազգային համարտադրության արդյունք»,- «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց ռեժիսոր Ջիվան Ավետիսյանը:
Ռեժիսորի հավաստմամբ, նոր կինոնկարի կիզակետում դարձյալ Արցախն է: Դեպքերն ընթանում են Արցախի գյուղերից մեկում: «Մի մարդու մասին պատմող դրամատիկ պատմություն է: Ներկայացնում է 1988-89 թվականի դեպքերը` Սումգայիթի ողբերգությանը զուգահեռ, որը չնայած չկա ֆիլմում, բայց իր հետքն է թողել մարդկանց վրա: Կինոյի լեզու է, պետք է նման ձևով պատմել, որպեսզի ֆիլմը նուրբ երանգ ունենա, և կարողանաս տեղ հասցնել ասելիքդ»,-ընդգծեց Ջիվան Ավետիսյանը:
Կինոնկարի սցենարի հեղինակներն են Ծովինար Խաչատրյանը և Մասիս Բաղդասարյանը: Ջիվան Ավետիսյանն արդեն որոշել է, թե ովքեր են խաղալու իր նոր ֆիլմում: «Գլխավոր հերոսներին կմարմնավորեն հայտնի դերասաններ Թուրքիայից, Իրանից, Լիտվայից և Հայաստանից: Չորս գլխավոր հերոսների դերերում հանդես են գալիս տարբեր երկրների ներկայացուցիչներ: Իրենք շատ հայտնի են իրենց երկրներում, օրինակ` թուրքիացի դերասանն աշխատել է օսկարակիր ռեժիսորի հետ: Արդեն համաձայնվել են խաղալ ֆիլմում, անուններ չեմ տա, որովհետև դեռ ժամանակը չէ, բայց իրենց անունները կներկայացնեմ Կաննում: Կարդացել են սցենարը, ասում են, որ շատ դրամատիկ պատմություն է սիրո, ընկերության և հավատարմության մասին»,-նշեց Ջիվան Ավետիսյանը:
Ռեժիսորը համոզված է, որ ֆիլմը պետք է առաջին հերթին լինի անկեղծ և ճիշտ արված:
Ջիվան Ավետիսյանի «Թևանիկը» մայիսի 6-ից հնարավոր է դիտել կինոթատրոններում: Ֆիլմը ներկայացնում է արցախյան ազատամարտի տարիները` մասնավորապես սկզբնական շրջանը, երբ պատերազմի վտանգն էր դեռ կախված մարդկանց գլխին, և մարդիկ ամբողջությամբ պատերազմի մեջ չէին: Կինոնկարը պատմում է 14 տարեկան երեք պատանու մասին, ովքեր ևս, մեծահասակների պես, բնավ չեն պատկերացնում, թե ինչ է պատերազմը: Անկախ իրենց կամքից` նրանք պատերազմի դաժան դրոշմը կրում են իրենց վրա` տարբեր կերպ: