Վիկտորիա Նուլանդը ճիշտ կաներ խորհուրդ տար Ադրբեջանի կառավարությանը՝ դիվերսանտների ապագայի հարցով դիմել ԼՂՀ իշխանություններին:
Նուլանդն ավելի լավ է խորհուրդ տա Ադրբեջանին՝ դիմել ԼՂՀ իշխանություններին. Գագիկ Պետրոսյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Պետրոսյանը՝ անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Վիկտորիա Նուլանդի կոչին՝ մարդասիրական ժեստ անել եւ ազատ արձակել դիվերսանտներին:
Նրա խոսքով՝ Նուլանդը թող հայտներ իր կարծիքը, երբ ադրբեջանական կողմը դիվերսիաներ է կազմակերպում, սպանում է քնած մարդուն եւ այլն: «Ավելի լավ կլիներ, եթե ԱՄՆ պետքարտուղարությունը ուշադրություն դարձներ նրան, որ ադրբեջանցի դիվերսանտները երեխա են սպանում: Եթե նրանք ռազմագերի լինեին, գուցե ես համաձայնեի Նուլանդի հետ, բայց նրանք դիվերսանտներ են»,-ընդգծել է Գագիկ Պետրոսյանը՝ հավելելով, որ եթե ադրբեջանական կողմը դիմի ԼՂՀ-ին որպես պետությունը պետությանը, կարելի է քննարկել այդ հարցը:
Նշենք, որ ԼՂՀ առաջին ատյանի դատարանը 2014թ.-ի դեկտեմբերի 29-ին Գուլիեւին դատապարտել էր 22, իսկ Ասկերովին ցմահ ազատազրկման: Փաստաբանները բողոքարկում են պատժաչափը:
Հիշեցնենք, որ Դիլհամ Ասկերովին մեղադրանք էր առաջադրվել Լեռնային Ղարաբաղի քրեական օրենսգրքի 7, իսկ նույն երկրի քաղաքացի Շահբազ Գուլիեւին ՝ 5 հոդվածների հատկանիշներով։ Նրանք մեղադրվում են ազգային ատելության շարժառիթներով մարդուն առեւանգելով սպանելու, կազմակերպված խմբի կողմից անչափահասի նկատմամբ զենքի գործադրմամբ բռնություն գործադրելու, լրտեսության, Ղարաբաղի պետական սահմանը կազմակերպված խմբի կողմից հատելու, հրազեն եւ ռազմամթերք կրելու մեջ։ Դիլհամ Ասկերովին նաեւ կազմակերպված խմբի կողմից ազգային ատելության շարժառիթով երկու անձանց սպանության փորձի մեղադրանք էր առաջադրվել։