ԼՂՀ արտադրական ենթակառուցվածքների նախարար Հակոբ Ղահրամանյանը այսօր հանդիպել է Արցախի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի և մի խումբ ուսանողների հետ:
ԼՂՀ արտադրական ենթակառուցվածքների նախարարը հանդիպել է ԱրՊՀ մի խումբ ուսանողների հետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Հանդիպմանը բացման խոսքով հանդես է եկել ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանը, ով շնորհակալություն է հայտնել նախարարին, հրավերն ընդունելու համար և կարևորել տարբեր գերատեսչությունների ղեկավարների հետ պարբերաբար հանդիպումները՝ պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ:
ԼՂՀ արտադրական ենթակառուցվածքների նախարարը ապագա տնտեսագետներին է ներկայացրել նախարարության ներքին կառուցվածքը, անցած տարվա գործունեությունը, ինչպես նաև ոլորտի ընթացիկ տարվա աշխատանքներին առնչվող հարցեր: Այնուհետև նա մանրամասն ներկայացրել է տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների, էներգետիկայի, գազաֆիկացման և ջրային համակարգերի ոլորտներում առկա ձեռքբերումներն ու առաջիկա անելիքները: Նախարարը նշել է, որ թվարկված ոլորտները Արցախի տնտեսության առաջատար ուղղություններն են, որտեղ անհրաժետ են մրցունակ մասնագետներ և հորդորեց ուսանողներին լուրջ ուշադրություն դարձնել իրենց մասնագիտական որակներին:
Հանդիպման ավարտին Հ. Ղահրամանյանը պատասխանել է ուսանողների և դասախոսների հարցերին՝ պատրաստակամություն հայտնելով ավանդական դարձնել նման ձևաչափով հանդիպումները: