Պատերազմից հետո Մարտունի քաղաքում շարունակվում են ենթակառուցվածքների վերականգնման ուղղությամբ տարվող աշխատանքները:
Մարտունի է վերադարձել 1500 բնակիչ. ենթակառուցվածքների վերականգնումը ընթացքի մեջ է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին ‹‹Արցախպրես››-ի թղթակցի հետ զրույցում ասել է Մարտունու քաղաքապետ Էդիկ Ավանեսյանը:
Նրա խոսքով՝ գազամատակարարումը գրեթե ամբողջությամբ վերականգնվել է, բացառությամբ՝ որոշ թաղամասերի: Օրակարգային է մնում էլեկտրամատակարարման վերականգնումը, որը, ըստ քաղաքապետի, պահանջում է որոշակի ժամանակ, քանի որ ներկայիս գործող օդային գիծը ծանրաբեռնվածության հետ կապված չի հերիքում:
Է. Ավանեսյանը հայտնել է, որ արդեն իսկ Մարտունի է վերադարձել 1500-ից ավելի բնակիչ. միայն 50 ընտանիք Մարտունու շրջանի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած համայնքներից է, որոնք տեղավորվել են Մարտունիում:
Պատերազմի հետևանքով Մարտունիում վնասված բնակելի տներից վերականգնման ենթակա չէ 10 բնակարան: Այդ ընտանիքներին ժամանակավոր տեղավորել են բնակելի տներում:
Մարտունու քաղաքապետը տեղեկացրել է, որ առայժմ չեն գործում քաղաքի երկու դպրոցներն ու մանկապարտեզները, քանի որ դրանք մասնակիորեն տուժել են հրետակոծությունից և ունեն վերականգնման կարիք: