Ստեփանակերտում բացվել է «Ֆոտո Արցախ» խորագրով ցուցահանդեսը (լուսանկարներ)
Ստեփանակերտի պատկերասրահում բացվել է արցախցի լուսանկարիչ Սուրեն Սարումյանի անհատական ցուցահանդեսը՝ «Ֆոտո Արցախ» խորագրով:
Ստեփանակերտում բացվել է «Ֆոտո Արցախ» խորագրով ցուցահանդեսը (լուսանկարներ)
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել պատկերասրահի տնօրեն Ելենա Դադայանը, ով կարևորել է Արցախին վերաբերող լուսանկարների ցուցահանդեսի բացումը:
Լուսանկարիչ Սուրեն Սարումյանն իր խոսքում ներկայացրել է, թե ինչպես է ցուցահանդեսի կազմակերպման գաղափարն առաջացել:
Նրա խոսքով՝ արցախյան երրորդ՝ քառասունչորսօրյա պատերազմի ընթացքում իր մտերիմ ընկերներից մեկը խորհուրդ է տվել սոցիալական տարբեր էջերում Արցախի վերաբերյալ լուսանկարներ տեղադրել, որից հետո էլ այդ ամենը հավաքել և ցուցահանդեսի է ներկայացրել: Ս. Սարումյանը լուսանկարել սկսել է 2015 թվականից:
«Սա երրորդ ցուցահանդեսն է.առաջինը կայացել է Երևանում, երկրորդը՝ Գյումրիում: Ցուցահանդեսին ներկայացված լուսանկարներն արված են Արցախում՝բացառությամբ մեկ լուսանկարի: Յուրաքանչյուր լուսանկար դիտողի կողմից յուրովի է ընկալվում: Նպատակ ունեմ լուսանկարները ներկայացնելու նաև արտերկրում: Կարևորում եմ այս իրավիճակում Արցախի մասին աշխարհին պատմելը և հավաստելը, որ Արցախը եղել, կա և մնում է հայկական»,- ավելացրել է Ս. Սարումյանը: Ցուցահանդեսի համադրող, «ART PR» ընկերության հիմնադիր տնօրեն Գայանե Դավթյանը , մեզ հետ զրույցում խոսելով ցուցադրված լուսանկարների մասին, ասել է, որ Արցախը ներկայացված է ամենայն խորությամբ , որովհետև առաջին հայացքից թվում է , թե սովորական լուսանկար է, որովհետև այն մինիմալիստիկայի ժանրի մեջ է, բայց չափազանց խորը իմաստ ունի։
«Լուսանկարներում Արցախը ներկայացված է այլ տեսանկյունից՝ իր բնավորությամբ, խորությամբ, հզորությամբ, բարությամբ: Ս.Սարումյանը ֆանտաստիկ կերպով է իր լուսանկարներով պատմում Արցախի մասին»,- մասնավորապես ասել է Գ. Դավթյանը:
Անդրադառնալով կազմակերպված երկու ցուցահանդեսներին՝ Գ. Դավթյանը նշել է, որ առաջին ցուցադրությունից հետո իրենք հրավերներ են ստացել ՌԴ-ից, ԱՄՆ-ից, Եվրոպայից:
«Սփյուռքի մեր հայրենակիցները մեծ ցանկություն ունեն, որպեսզի ցուցահանդեսը ներկայացվի աշխարհին: Հնարավորության սահմաններում այն այս տարի կկազմակերպվի, եթե ոչ, այն կդրաձնենք շրջիկ ցուցահանդես: Այս ցուցահանդեսով մենք կրկին հաստատում ենք, որ Արցախը հայկական է: Այժմ մենք պատրաստում ենք լուսանկարների պատկերագիրք՝ հայերեն և անգլերեն լեզուներով: Սփյուռքում ներկայացնելու դեպքում՝ ցուցահանդեսին կհամադրվի նաև պատկերագրքի շնորհանդեսը»,- ավելացրել է նա: Նշենք, որ ցուցահանդեսը Ստեփանկերտի պատկերասրահում բաց կլինի առաջիկա մեկ շաբաթը։