«Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի շրջանակներում Արսինե Սաղյանը մաթեմատիկա և ինֆորմատիկա է դասավանդում ԱՀ Ասկերանի շրջանի Նախիջևանիկ համայնքի Գևորգ Հակոբյանի անվան միջնակարգ դպրոցում: Նա Արցախի Մարտունի քաղաքից է։ Ավարտելով Երևանի պետական համալսարանը` պատերազմից հետո որոշեց վերադառնալ Արցախ և իր ներդրումն ունենալ Արցախի վերականգնման ու զարգացման գործում։
Նախիջևանիկում կստեղծվի «Պատանի գիտունիկներ» ակումբը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Ա. Սաղյանը նշեց, որ աշակերտների հետ կազմել և մշակել են «Պատանի գիտունիկներ» ակումբի ստեղծման նախագիծը, որը միտված է գյուղի երիտասարդների մոտ տարբեր մասնագիտությունների վերաբերյալ իրազեկվածության մակարդակի բարձրացմանը։
«Աչքի առաջ ունենալով սեփական փորձս ու նաև ավագ դասարանների աշակերտներիս մասնագիտության հարցում չկողմնորոշվելու հանգամանքը, մտածում էի` ինչպես մեղմել այդ վիճակը. ծնվեց այս նախագծի գաղափարը։ Նախագիծն իրենից ներկայացնում է մասնագիտությունների ուսումնասիրություն տարբեր մեթոդների կիրառմամբ։
Այդ ամենը նախատեսում ենք անել մեր «Պատանի գիտունիկներ» ակումբում, որտեղ յուրաքանչյուր ամիս ընտրելու ենք մի մասնագիտություն կամ ոլորտ, այն ուսումնասիրելու ենք, հնարավորության դեպքում` մասնագետներ ենք հրավիրելու և ծանոթանալու ենք նրանց գործունեությանը։ Ակումբի ստեղծումը կօգնի աշակերտներին ավելի տեղեկացված լինել տարբեր ոլորտներից, նաև կարողանալ կատարել մասնագիտական ճիշտ ընտրություն։
Քանի որ նախագիծն իր ձևաչափով եզակի է Արցախում, մենք հույս ունենք, որ մեր ակումբի գաղափարը կտարածվի Արցախի տարբեր համայնքներում, և մենք կունենանք ավելի տեղեկացված երիտասարդություն»,- պատմեց Ա. Սաղյանը։
Մեր զրուցակցի խոսքով՝ նախագիծն արդեն ներկայացրել են, այժմ գտնվում են ֆոնդհայթայթման փուլում, զուգահեռ աշխատում են նախագծի վերջնականացման վրա։
«Այս ակումբը միայն մի մասն է մեր մեծ նպատակի: Մենք ցանկանում ենք գյուղում ունենալ նախակրթարան և երիտասարդական կենտրոն, որի մի մասը կկազմի նաև մեր «Պատանի գիտունիկներ» ակումբը, և էլի մի շարք տարբեր խմբակներ։
Այս կենտրոն-նախակրթարանը հնարավորություն կտա ապահովելու երիտասարդների զբաղվածությունը և իրականացնելու իրենց խենթ ու տարբերվող գաղափարները, իսկ նախակրթարանը կլինի գիտելիքների ստացման և մանուկների ժամանցի ապահովման վայր, քանի որ գյուղում չկա մանկապարտեզ»,- հավելեց Ա. Սաղյանը։