Ուրուգվայի փոստային ծառայությունը և արտաքին գործերի նախարարությունը ապրիլի 7-ին ներկայացրել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված նամականիշը` հիշեցնելով։
Ուրուգվայը պատվիրակություն կուղարկի Երևան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Ուրուգվայն առաջին երկիրն է եղել, որը 50 տարի առաջ պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, մի քայլ, որն արդիական է մնում մինչ օրս», - ասել է Ուրուգվայի ԱԳ նախարար Ռոդոլֆո Նին Նովոան` հավելելով, որ երկիրը ապրիլի 24-ին պաշտոնական պատվիրակություն կուղարկի Հայաստան` մասնակցելու Ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին նվիրված միջոցառումներին:
Նրա կարծիքով` երկու երկրի միջև հարաբերությունները «ապրում են լավագույն ժամանակները», իսկ նամականիշը «խորհրդանշում է Ցեղասպանության դաժան հանցագործության զոհերի հիշատակը»:
Ուրուգվայի զբոսաշրջության և սպորտի նախարար Լիլիամ Քեշիշյանն, իր հերթին, ցավ է հայտնել, որ «այս տառապանքը, որի 100 տարին է լրանում, դեռ չի ճանաչվել ողջ աշխարհի կողմից, որը կարող է օրինակ վերցնել Ուրուգվայից:
«Մեծ հպարտություն է մեզ համար, որ Ուրուգվայն ընդունել է մեր ծնողներին և տատիկ-պապիկներին, նրանց ապահովել է աշխատանքով և թույլ տվել յուրաքանչյուրիս՝ սովորել ու ապրել խաղաղության երկրում», - ընդգծել է Լիլիամ Քեշիշյանը:
Ուրուգվայում հայ եկեղեցու արքեպիսկոպոս Հակոբ Քեդենջյանը ևս կարևորել է այդ երկրի դերը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում: «Հպարտ ենք, որ ապրում ենք մի երկրում, որը պայքարում է արդարության հաստատման և մարդու իրավունքների համար», - նշել է արքեպիսկոպոսը: