Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը այսօր շնորհավորական ուղերձ է հղել լրագրողներին՝ մասնագիտական օրվա առթիվ, որում, մասնավորապես, ասված է.
Չորրորդ իշխանությունն ապահովում է հասարակության և պետության տարբեր միավորների միջև փոխադարձ կապը. ԼՂՀ վարչապետ
Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը այսօր շնորհավորական ուղերձ է հղել լրագրողներին՝ մասնագիտական օրվա առթիվ, որում, մասնավորապես, ասված է.
«Սիրելի՛ լրագրողներ,
Ի սրտե շնորհավորում եմ ձեզ լրագրողի օրվա առթիվ: Ձեր կողմից կատարվող աշխատանքն անփոխարինելի է մեր պետության կառուցման խորդուբորդ ճանապարհին: Հիրավի, չորրորդ իշխանությունն այն գործիքն է, որն ապահովում է հասարակության և պետության տարբեր միավորների միջև փոխադարձ կապը: Ձեր աշխատանքով լուսաբանվում են բազմաթիվ հիմնախնդիրներ, իսկ թափանցիկությունն առանցքային տեղ է գրավում պետական մարմինների գործելաոճում:
Կառավարությունն առավելագույնս պատրաստ է ԶԼՄ-ների միջոցով ևս ականջալուր լինել հասարակության ձայնին, ինչպես նաև ներկայացնել իր տեսակետները և ծրագրերը: Անշուշտ, դրա համար անհրաժեշտ է բոլորիս համատեղ ու ջանադիր աշխատանքը՝ հանուն Արցախի ժողովրդավարական զարգացման և հասարակության բարօրության: Հետևաբար, ակնկալում եմ երկուստեք ավելի նախաձեռնողական և համագործակցային աշխատանք:
Ընդունե՛ք ջերմագին մաղթանքներս այս խորհրդանշական օրվա կապակցությամբ: Թո՛ղ ձեր միտքը միշտ սուր ու պայծառ լինի, իսկ գրիչը՝ հաղթող: Առողջություն և հաջողություն ձեր ընտանիքներին: Բարին ընդ ձեզ»: