Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը և վարչակազմի բարձրաստիճան այլ պաշտոնյաներ բազմիցս են ճանաչել պատմական այն փաստը, որ Օսմանյան Թուրքիայի գոյության վերջին տարիներին 1,5 միլիոն հայ սպանվել կամ ստիպողաբար մահվան երթի են դատապարտվել դեպի անապատ:
Պատմական փաստի լիարժեք, անկեղծ ու արդար ճանաչումը Թուրքիայի, Հայաստանի և ԱՄՆ-ի շահերից է բխում. Սպիտակ տուն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այդ մասին, «Ամերիկայի ձայն»-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Սպիտակ տան խոսնակ Ջոշ Էրնսթը՝ պատասխանելով ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի` Մեծ եղեռնի հիշատակի օրվա կապակցությամբ ապրիլի 24-ին նախապատրաստվող հայտարարությունում ցեղասպանություն բառի օգտագործման վերաբերյալ հարցին:
«Մենք ընդգծել ենք նաև, որ մենք ողբում ենք մահվան այդ դեպքերի համար, և որ այդ փաստի լիարժեք, անկեղծ ու արդար ճանաչումը մեր բոլորի, այդ թվում՝ Թուրքիայի, Հայաստանի և Ամերիկայի շահերից է բխում: Ազգերն ավելի հզոր են, երբ զարգանում են՝ ճանաչելով սեփական անցյալի վտանգավոր դրվագները, և հենց դրա ճանաչման մեջ է նոր, ավելի հանդուրժող ապագա կառուցելու ճանապարհը»,- նշել է Սպիտակ տան մամլո խոսնակը: Նրա խոսքով՝ պատմական այդ փաստի ճանաչման անհրաժեշտությունը տարիների ընթացքում առաջնորդել է ամերիկյան վարչակազմի մոտեցումը:
«Նախագահն ավանդաբար ապրիլի վերջին հայտարարություն է տարածում այս իրավիճակի կապակցությամբ, այդ ահավոր պատմական իրադարձության կապակցությամբ, և ես չեմ կարծում, որ մինչ այդ մեր քաղաքականությունը կփոխվի», - ասել է Ջոշ Էրնսթը: