Ադրբեջանական ԶԼՄ-ները հերթական ապատեղեկատվությունն են տարածում` իբրև ՊԲ զինծառայողների կողմից Ադրբեջանի սահմանամերձ գյուղերը գնդակոծվում են Այս անգամ ասվում է, թե իբր արկերն ընկել են բնակելի տների բակերում և գերեզմանատան տարածքում:
ՊԲ. Մենք չենք կրակում Ադրբեջանի խաղաղ բնակիչների ուղղությամբ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ ՊԲ մամուլի ծառայության ղեկավար Սենոր Հասրաթյանը Panorama.am-ի հետ զրույցում հերքել է այս տեղեկությունը:
«Ընդամենն ադրբեջանական քարոզչության հերթական մտածածին բանը: Ողջ պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ ՊԲ-ն չի կրակել խաղաղ բնակիչների ուղղությամբ ու չի կրակում մինչ օրս, նրանք երբևէ չեն եղել մեր թիրախը: Մեր պատերազմը բացառապես հրադադարի ռեժիմը խախտող Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումների դեմ է»,- շեշտել է նա:
Հիշեցնենք, որ դեռևս ընթացիկ տարվա մարտին ադրբեջանական ԶԼՄ-ները տեղեկություններ էին տարածել` իբր հայկական կողմը կրակ է բացել «Աղդամի շրջանի բնակիչների ուղղությամբ, երբ վերջիններս այցելում էին իրենց հարազատների շիրիմները»: Սույն տեղեկությունը ևս հերքվել է: