Ամերիկյան Google կորպորացիան նոր ստեղծվող Alphabet հոլդինգի դուստր ընկերությունը կդառնա։ Այդ մասին ասվում է Google-ի հիմնադիրներից մեկի՝ Լարի Փեյջի հաղորդագրությունում:
Google-ը նոր ստեղծվող Alphabet հոլդինգի մաս կդառնա
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, օգոստոսի 11, ԱՐՑԱԽՊՐԵՍ: korrespondent.net-ի փոխանցմամբ` Alphabet-ում ամենախոշոր ընկերությունը կմնա Google-ը: Ընդ որում՝ այն կենթարկվի որոշ փոփոխությունների. այնտեղից կառանձնացվեն ինտերնետ-բիզնեսից հեռու նախագծերով զբաղվող ստորաբաժանումները: Այդ նոր ընկերությունները նույնպես կդառնան Alphabet-ի մաս:
Որպես օրինակ Փեյջը նշել է Life Sciences բժշկա-կենսաբանական պրոֆիլի ընկերությունները, որոնք զբաղվում են գլյուկոզայի նկատմամբ զգայուն կոնտակտային ոսպնյակների ստեղծմամբ, ինչպես նաև Calico-ն, որը հետազոտություններ է անցկացնում երկարակեցության հասնելու ոլորտում:
Նոլ հոլդինգային կառույցի գլխավոր տնօրեն կդառնա Փեյջը, մինչդեռ Google-ի համահիմնադիր Սերգեյ Բրինը կզբաղեցնի Alphabet-ի նախագահի պաշտոնը:
Հոլդինգը նաև կներառի X lab ընկերությունը, որը զբաղվում է անօդաչու տեղափոխման միջոցների ստեղծմամբ:
Բորսաներում Google-ի բաժնետոմսերը կփոխարինվեն Alphabet-ի նույնատիպ արժեթղթերով: Հին բաժնետոմսերն ավտոմատ կփոխակերպվեն նույն քանակությամբ նոր բաժնետոմսերի՝ պահպանելով բոլոր նախկին իրավունքները: