Իրանի արտգործանախարար Ջևաթ Զարիֆը, որի այցը Թուրքիա հետաձգվել էր, օգոստոսի 17-18 ընկած ժամանակահատվածում մեկնելու է Ռուսաստանի Դաշնություն (ՌԴ):
Իրանի արտգործնախարարն իր այցը Թուրքիա հետաձգելուց հետո մեկնում է Ռուսաստան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, օգոստոսի 12, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Թուրքական «habertuar» լրատվան կայքի փոխանցմամբ այդ լուրը հաստատել է Ռուսաստանի արտգործնախարարի օգնական Միխայիլ Բոգդանովը:
Զարիֆի՝ Ռուսաստան կատարելիք այցի ժամանակ քննարկվելու է Սիրիայում ստեղծված իրավիճակը, Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված համաձայնությունը, «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարը, ինչպես նաև S-300 հակահրթիռային պաշտպանության համակարգի վաճառքի մանրամասները:
Նշենք, որ երբ հետաձգվել էր Զարիֆի այցը Թուրքիա, Իրանի արտգործնախարարն անմիջապես մեկնել էր Լիբանան, որտեղ հանդիպում էր ունեցել «Հեզբոլլահ» շարժման գլխավոր քարտուղար Հասան Նասրալահհի հետ: Կողմերը քննարկել էին տարածաշրջանային մի շարք կարևոր խնդիրներ:
Վերոնշյալ թուրքական աղբյուրն այն համոզմունքն է հայտնում, որ Էրդողանը չի ցանկացել հանդիպել Զարիֆի հետ, քանի որ վերջին ժամանակներս իրանական մամուլում հայտնվել են հակաէրդողանական բնույթի լուրեր: