Դաղստանի մշակույթի նախարարության պաշտոնական կայքում «Արցախ» բառի հիշատակումը հերթական հիստերիայի առիթ է դարձել ադրբեջանական մամուլի համար:
Դաղստանի մշակույթի նախարարության պաշտոնական կայքում «Արցախ» բառի հիշատակումը հիստերիա է առաջացրել Ադրբեջանում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, սեպտեմբերի 11, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հերթական անգամ հակահայ հոդվածով է հանդես եկել «Հագըն.ազ» լրատվական կայքը:
Ադրբեջանի իշխանության խոսափող կայքն այս անգամ ցնցվել է այն բանից, որ Ռուսաստանի Դաշնության Դաղստանի հանրապետության մշակույթի նախարարության կայքն, անդրադառնալով Հայաստանում անցկացված տիկնիկային թատրոնների միջազգային փառատոնին դաղստանյան տիկնիկային թատորնի մասնակցությանը, հայտնել է, որ. «Հայաստանի թատերասերներին զուգահեռ փառատոնին մասնակցել են Արցախի, Վրաստանի, Լիտվայի, Ռուսաստանի, Իտալիայի, Ուկրաինայի, Թուրքմենստանի եւ Բուլղարիայի ստեղծագործական կոլեկտիվները»:
«Դաղստանը ճանաչել է Արցախը» վերնագրով ռասիստական արտահայտություններ պարունակող հոդվածում Դաղստանում Արցախի մասին հիշատակումն ադրբեջանական կայքը «սադրանք» է բնութագրել, քննադատել Դաղստանի մշակույթի նախարար Զարեմա Բուտաեւային «անփորձության», Դաղստանի ղեկավար Ռամազան Աբուլաթիպովին` «ուշադիր չլինելու» համար:
Ավելին, իրեն արդեն Ադրբեջանի իշխանության «մաս» համարող haqqin.az-ն Ադրբեջանի ԱԳՆ-ին «հուշել» է «բացատրություններ պահանջել» Դաղստանի եւ Ռուսաստանի իշխանություններից: