Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Կանաչների խմբի փոխնախագահ Միշել Ռիվասին իր մտահոգությունն է հայտնել Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման վերջին դեպքերի առնչությամբ, որոնց հետևանքով Հայաստանի սահմանամերձ բնակավայրերում քաղաքացիական երեք անձ է զոհվել:
ԵԽ պատգամավորը հորդորել է Եվրոպական հանձնաժողովին դատապարտել Ադրբեջանի սահմանային բռնությունները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, սեպտեմբերի 25, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բրյուսելում Ռիվասին նշեց, որ ապշահար է եղել բռնության վերջին դեպքերից հետո:
«Մենք գիտեինք այն պատմական թշնամության մասին, որ կար Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև, սակայն այս դեպքն անմիջականորեն կապված է Հայաստանի հետ: Ես կխնդրեմ Եվրոպական հանձնաժողովին դատապարտել բռնության, պատերազմական այս գործողությունը: Սա անընդունելի է: Կատարվածը սադրանք է, որը երեք կնոջ կյանք խլեց, ինչն անընդունելի է: Եվրոպական հանձնաժողովը պետք է արձագանքի Ադրբեջանի գործողություններին»,- նշեց Ռիվասին:
ԵԽ պատգամավորը համոզմունք հայտնեց, որ կատարվածը նպատակ է ունեցել սադրել Հայաստանին և ստանալ հակազդեցություն: «Սա կարող է լինել վերջի սկիզբը: Եվրոպական հանձնաժողովը պետք է դատապարտի Ադրբեջանի գործողությունները և պատժամիջոցներ կիրառի: Ես կատարվածը շատ լուրջ միջադեպ եմ համարում»,- «Արմենպրես»-ին ասաց նա:
Ռիվասիի կարծիքով` Ադրբեջանի կողմից իրականացված բռնությունը նպատակ է ունեցել կանխել ցանկացած տեսակի բանակցություն: «Նախարարների միջև հանդիպում էր ծրագրավորված, և սա իսկական սադրանք է, որը կարող է շատ վտանգավոր լինել ապագայի համար: Ես ցանկանում եմ, որ բոլորը հանգստանան, իսկ Եվրոպական հանձնաժողովը արձագանքի կատարվածին: Սա հարց չէ միայն Հայաստանի և Ադրբեջանի միջև: Եվրոպական և միջազգային կառույցները պետք է դատապարտեն այս գործողությունները»,- նշեց Ռիվասին: