Օգոստոսի 30-ին Եվրոպայի Խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը հանդիպել է ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալ Գաբրիելա Բատաինի-Դրագոնիի հետ:
ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցչի մասնակցությամբ քննարկվել է Հայաստան-ԵԽ 2015-2018թթ. գործողությունների ծրագիրը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 31 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարարությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում Պարույր Հովհաննիսյանն ի պահ է հանձնել «Ահաբեկչության կանխարգելման մասին» ԵԽ կոնվենցիայի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիան փոփոխող 15-րդ արձանագրության ՀՀ վավերագրերը։
Համապատասխան արձանագրությունների ստորագրումից հետո տեղի է ունեցել առանձնազրույց, որի ընթացքում կողմերն անդրադարձել են ԵԽ օրակարգային հարցերին, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրներին։
Քննարկվել է Հայաստան-ԵԽ 2015-18թթ. գործողությունների ծրագրի իրականացման ընթացքը, որի մեկնարկը ազդարարվել էր ՀՀ ԱԳ նախարարի և ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալ մասնակցությամբ ս.թ. մայիսի 21-ին` Երևանում կայացած միջոցառմանը։
Կողմերը վերահաստատել են իրենց փոխադարձ հանձնառությունը՝ շարունակելու գործողությունների ծրագրի արդյունավետ իրականացմանն ուղղված ջանքերը, որի նպատակն է աջակցել ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության ոլորտներում Հայաստանում ընթացող շարունակական բարեփոխումներին։