«Սիներջի Սիսթեմս» ընկերությունը 3-6 ամիս տևողությամբ անվճար դասընթացներ է կազմակերպում:
Դասընթացի մասնակիցները նաև կապահովվեն աշխատանքով. «Սիներջի Սիսթեմս» ընկերություն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 29, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշել է «Սիներջի Սիսթեմս» ընկերության տնօրեն Միքայել Սարգսյանը և հավելել, որ, մինչև ընթացիկ տարվա նոյեմբերի 15-ը, 18-30 տարեկան այն անձինք, ովքեր ցանկություն ունեն վերապատրաստվելու և աշխատանքի անցնելու որպես ծրագրավորողներ, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի կազմակերպություններում կարող են իրենց ընկերություն դիմել:
«Առաջին հերթին ստուգում ենք դիմորդների մաթեմատիկական մտածելակերպի ունակությունները: Եթե տեսնում ենք, որ մաթեմատիկորեն տրամաբանում են, վերցնում ենք դասընթացների,-ասել է Մ. Սարգսյանը և ավելացրել,- սովորեցնելու ենք HTML, CSS, PHP, Javascript, MySQL, որևէ Framework, անգլերեն լեզու և ալգորիթմների տեսության հիմունքներ»: Դասընթացները վարելու են ՏՏ ոլորտի կազմակերպության մասնագետները:
«Դասընթացները դրական ավարտած դիմորդներին ապահովելու ենք աշխատանքով. սկզբնական աշխատավարձի չափը կազմելու է 60.000-80.000 ՀՀ դրամ: Հետագայում՝ 6 ամիսը մեկ կամ տարին մեկ, աշխատավարձերը վերանայվելու են՝ ըստ աշխատողի մասնագիտական գիտելիքների»,- եզրափակել է խոսքը Մ. Սարգսյանը: