Թուրքիայի ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գրասենյակը երկրի չորս նահանգների 17 հասցեներում համաժամանակյա գործողություն է իրականացրել՝ ընդդեմ «զուգահեռ պետության»:
Թուրքիայում գյուլենականների որսը շարունակվում է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, դեկտեմբերի 15, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Թուրքական «Հուրիեթ» պարբերականի փոխանցմամբ` ադանայում այս գործողությունների արդյունքում բերման է ենթարկվել 10 մարդ, ովքեր տարվել են ոստիկանական բաժանմունք ցուցմունք տալու համար:
2013 թվականի դեկտեմբերի 17-25-ը Թուրքիան ցնցած կոռուպցիոն սկանդալից անմիջապես հետո, որով բացահայտվել էր թուրքական կառավարության անդամների, այդ թվում` այն ժամանակ Թուրքիայի վարչապետ, ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որդու, փեսայի եւ դստեր խոշոր կոռուպցիոն գործարքները, Էրդողանը հայտարարել էր, որ դրա հետեւում կանգնած են ԱՄՆ-ում վտարանդի, արդի իսլամի գաղափարախոս Ֆեթուլլահ Գյուլենի հետեւորդները, որոնք ցանկանում են տապալել իր կառավարությունը: Էրդողանի հանձնարարությամբ աշխատանքից հեռացվել կամ ձերբակալվել են այդ կոռուպցիոն սկանդալը բացահայտած հազարից ավելի փաստաբաններ, դատախազության եւ ոստիկանության աշխատակիցներ:
Իրավապահ եւ դատական համակարգերը գյուլենականներից «մաքրելու» գործընթացը Թուրքիայում շարունակվում է մինչ օրս:
Թուրք կրոնական գործիչ Ֆեթուլլահ Գյուլենը հայտնի է իսլամի իր չափավոր մեկնաբանությամբ: Գյուլենը նախկինում եղել է Էրդողանի դաշնակիցը, սակայն նրանց հարաբերությունները փչացել են 2013 թվականի դեկտեմբերին Էրդողանի մերձավոր շրջապատի անդամների նկատմամբ աղմկալից կոռուպցիոն բացահայտումներից հետո, ինչում Թուրքիայի առաջնորդը մեղադրել է Գյուլենի հետեւորդներին: Այժմ Էրդողանը փորձում է հասնել ԱՄՆ-ից Գյուլենի արտահանձնմանը, որտեղ նա բնակվում է 1998 թվականից: Գյուլենն իր հերթին դարձել է Էրդողանի առավել նշանակալից քննադատներից մեկը: