Հունվարի 11-ին ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Զոհրաբ Մնացականյանն ընտրվեց կազմակերպության Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ), Բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) եւ Ծրագրերի իրականացման գրասենյակի (ՄԱԾԻԳ) Գործադիր խորհրդի նախագահ` մեկ տարի ժամկետով:
ՄԱԿ-ում Հայաստանի ներկայացուցիչն ընտրվել է ՄԱԶԾ, ՄԱԲՀ եւ ՄԱԾԻԳ-ի գործադիր խորհրդի նախագահ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 12, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ՀՀ ԱԳՆ մամլո ծառայության փոխանցմամբ՝ անդամ պետությունների ներկայացուցիչներից բաղկացած Գործադիր խորհուրդը միաձայն հավանություն է տվել դեսպան Զոհրաբ Մնացականյանի թեկնածությանը: ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի կողմից տրված մանդատի համաձայն` Գործադիր խորհրդի հիմնական գործառույթներն են հիշյալ երեք գործակալություններին միջկառավարական աջակցության տրամադրումն ու գործունեության ընդհանուր վերահսկողության իրականացումը: Խորհրդի պարբերական նստաշրջանները գումարվում են տարեկան երեք անգամ, որոնց ընթացքում Խորհրդի կողմից քննարկվում եւ որոշումներ են կայացվում օրակարգային հարցերի շուրջ` տարբեր երկրներում գործակալությունների ծրագրերի արդյունավետ կատարումն ապահովելու նպատակով:
«2016 թվականը Գործադիր խորհրդի եւ գործակալությունների համար առանցքային տարի է լինելու զարգացման նոր օրակարգի իրականացման առումով. մեկնարկելու են միջազգային հանրության կողմից ամիսներ առաջ ընդունված կայուն զարգացման նպատակների իրագործմանն ուղղված աշխատանքները: Առաջիկա տարին հատկանշական է նաեւ գործակալությունների Ռազմավարական ծրագրերի միջնաժամկետ վերանայման, ինչպես նաեւ ՄԱԿ զարգացման համակարգի արդյունավետության գնահատմանն ուղղված անդամ-երկրների հիմնական քաղաքական գործիքի` Քաղաքականության քառամյա համապարփակ դիտարկման գործընթացի տեսանկյունից՝ ի թիվս այլ կարեւոր օրակարգային հարցերի», - նշեց իր խոսքում դեսպան Զոհրաբ Մնացականյանը։
Նշենք, որ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ), Բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) եւ Ծրագրերի իրականացման գրասենյակի (ՄԱԾԻԳ) Գործադիր խորհուրդը, որին Հայաստանն անդամակցում է 2014 թվականից, 2015թ.-ի հունիսին հաստատել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ու Բնակչության հիմնադրամի հայաստանյան նոր ծրագրերը (2016-2020թթ.):