Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը Եվրամիության համար առաջնային է մնում։
ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումը Եվրամիության համար առաջնային է մնում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 19, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին ասված է Հայաստան-ԵՄ համագործակցության խորհրդի 16-րդ նիստի արդյունքում հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ։
«ԵՄ-ն նորից հաստատում է, որ Ղարաբաղյան հակամարտության հարցում ստատուս քվոն անընդունելի է։ Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը Եվրամիության համար առաջնային է մնում։ Զորքերի շփման գծում եւ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը լուրջ մտահոգության տեղիք է տալիս։ ԵՄ-ն կրկնում է զսպվածության եւ հակամարտության կարգավորման ԵԱՀԿ ջանքերին մասնակցելու իր կոչը։ Բացի այդ, ԵՄ-ն հաստատում է ԵԱՀԿ ՄԽ ձեւաչափին հավատարիմ մնալու իր դիրքորոշումը։
ԵՄ-ն կոչ է անում շարունակել երկխոսությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, այդ թվում՝ նախագահների մակարդակով, ինչի կապակցությամբ ողջունում է անցյալ տարվա դեկտեմբերին նախագահների հանդիպումը Շվեյցարիայում կազմակերպելու համանախագահների նախաձեռնությունը։ Հանդիպումը կարծիքներ փոխանակելու եւ առաջ շարժվելու հնարավորություն էր։
ԵՄ-ն հաստատում է խաղաղ գործունեությանը աջակցելու իր դիրքորոշումը եւ խաղաղ համաձայնության գալու դեպքում հաստատում է իր պատրաստակամությունը՝ հակամարտությունից տուժած շրջանների վերակառուցման ու վերականգնման աջակցության հարցում»։