Միջազգային Freedom House կազմակերպությունը հրապարակել է «Ազատությունն աշխարհում» 2016 ինդեքսը, որտեղ ներկայացվում է աշխարհի 195 երկրներում և 14 տարածքում քաղաքական իրավունքների և քաղաքացիական ազատությունների համեմատական գնահատականը:
«Ազատությունն աշխարհում 2016». Freedom House-ի նոր ինդեքսում Հայաստանն ու Արցախը «մասնակի ազատ» են
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 27, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հայաստանի, ինչպես նաև Վրաստանի և Ադրբեջանի համար այս ինդեքսը գնահատվում է սկսած 1992 թվականից:
Նոր ինդեքսում Հայաստանը ներկայացված է որպես «մասնակի ազատ» երկիր: Մեր երկրին տրված է 46 միավոր (ինդեքսում երկրներին տրված միավորները 0-100-ն են, որտեղ 100-ը լավագույն ցուցանիշն է, իսկ 0-ն` վատագույն):
Զեկույցում Հայաստանին «Քաղաքական իրավունքների» համար տրված է 5 միավոր, «Քաղաքացիական ազատությունների» համար` 4, «Ազատությունը աշխարհում» ինդեքսի համար` 4.5 (կիրառվում է 1-7 գնահատման համակարգ, ընդ որում` «1 - 2.5» գնահատական ստացած երկրները համարվում են ազատ, «3 - 5»-ը` մասնակի ազատ և «5.5 - 7»-ը` ոչ ազատ երկրներ):
Freedom House-ի զեկույցում ներառված է նաև Լեռնային Ղարաբաղը` որպես «մասնակի ազատ» (զեկույցում ԼՂ-ն դիտարկվում է որպես վիճելի տարածք):
Հայաստանի հարևան Թուրքիան և Վրաստանը ինդեքսում ներկայացված են որպես «մասնակի ազատ» երկիր, Ադրբեջանն ու Իրանը` «անազատ»: Ռուսաստանը ներկայացված է որպես «անազատ» երկիր, իսկ Միացյալ Նահանգները` որպես «ազատ»:
Ամենաազատ երկրների շարքում են Իսլանդիան, Նորվեգիան, Ֆինլանդիան, Սան Մարինոն, Շվեդիան, որոնք ինդեքսում ստացել են 100 միավոր, վատագույնը` Սիրիան (-1), Սոմալին (2) Ուզբեկստանը (3), Հյուսիսային Կորեան (3), Էրիտրեան (3), Թուրքմենստանը (4):