Փետրվարի 8-ին «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ, Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հանդիպել է Ազգային ժողովի «Հայրենիք» խմբակցության պատգամավորներին՝ քննարկելու ԱՀ-ում սահմանադրական բարեփոխումներին վերաբերող մի շարք հարցեր:
Արցախի առաջատար քաղաքական ուժը սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ առաջին քննարկումն է անցկացրել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 9, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Ազատ հայրենիք» կուսակցության մամլո ծառայության փոխանցմամբ՝ Արայիկ Հարությունյանը որոշ մանրամասներ է ներկայացրել օրեր առաջ Արցախի քաղաքական ուժերի ներկայացուցիչների միջև կայացած քննարկումից՝ տեղեկացնելով, որ, ըստ ձեռքբերված պայմանավորվածությունների, քաղաքական խորհրդատվությունները շարունակվելու են: Նա շեշտադրել է, որ ողջ գործընթացը պետք է անցնի հանրային լայն քննարկումների պայմաններում, ինչի արդյունքում պետք է ընդունվի այնպիսի սահմանադրություն, որը լուծում կտա պետական կառավարման մոդելի մի շարք առանցքային խնդիրների և կհամապատասխանի Արցախի առանձնահատկություններին:
Հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել մեկնարկած գործընթացի վերաբերյալ՝ պատրաստակամություն հայտնելով մնացած քաղաքական ուժերի հետ կառուցողական քննարկումներ վարել կառավարման ավելի արդյունավետ մոդել ընդունելու շուրջ: