Ամերիկյան Google ընկերության փոխնախագահ Սունդար Պիչաին և WhatsApp ընկերության գլխավոր տնօրեն Յան Կումը հանդես են եկել ի պաշտպանություն Apple-ի, որը հրաժարվել է օգնել Հետաքննությունների դաշնային բյուրոյին Սան Բերնարդինոյի ահաբեկչի iPhone-ը կոտրելու հարցում:
Google-ի ղեկավարը հանդես է եկել ի պաշտպանություն Apple-ի, որը հրաժարվել է օգնել ՀԴԲ-ին ահաբեկչի iPhone-ը կոտրելու հարցում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 18, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ավելի վաղ հաղորդվել է, որ Կալիֆորնիայի դատարանը վճռել է, որ Apple ընկերությունը պետք է օգնի Հետաքննությունների դաշնային բյուրոյին կոտրել Սան Բերնարդինոյի երկու ահաբեկիչներից մեկի iPhone-ը։
Անցած տարվա դեկտեմբերին Սաիդ Ռիզվան Ֆարուքը և նրա կինը՝ Թաշֆին Մալիքը, Սան Բերնարդինոյում 14 մարդու են սպանել և 21 հոգու վիրավորել: Նրանք այնուհետ մահացել են իրենց հետապնդող ոստիկանության հետ փոխհրաձգության ընթացքում: Ահաբեկչությունից որոշ ժամանակ առաջ ահաբեկիչները սոցցանցերում իրենց համակրանքն էին հայտնել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման նկատմամբ։
Քննիչները վստահ են, որ հեռախոսում չափազանց կարևոր տեղեկություններ կան, իսկ այն պաշտպանված է գաղտնաբառով: Տասն անգամ սխալ գաղտնաբառ հավաքելու դեպքում հեռախոսը մեխանիկորեն ջնջում է ողջ տեղեկությունը:
Apple-ի ղեկավար Թիմ Քուքը, սակայն, հայտարարել է, որ ընկերությունը մտադիր է վիճարկել ամերիկյան դատարանի որոշումը։
Facebook ընկերությանը պատկանող WhatsApp ընկերության գլխավոր տնօրեն Յան Կումը հանդես է եկել Apple-ի դիրքորոշման պաշտպանությամբ։ «Մենք չպետք է թույլ տանք, որ այդ վտանգավոր նախադեպը տեղի ունենա։ Այսօր մեր անկախությունը և ազատությունը վտանգի տակ է»,- հայտարարել է Կումը Facebook-ի իր էջում։ Կումին հետևել է Google-ի փոխնախագահ Սունդար Պիչաին՝ Թիմ Քուքի ուղերձը կարևոր անվանելով, հաղորդում է РИА Новости-ն։