Իրանի Իսլամական Հանրապետությունում նախօրեին կայացած 10-րդ գումարման Մեջլիսի ընտրություններին մասնակցող իրանահայ 4 թեկնածուներից երկուսն ընտրվել են՝ Կարեն Խանլարյանն ու Ժորժ Աբրահամյանը:
Իրանի խորհրդարան է անցել 2 հայ պատգամավոր
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 27, ԱՐՑԱԽՊՐԵՍ :Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասել է ընտրված Կարեն Խանլարյանը:
«Հյուսիսային ընտրատարածքում առաջադրվել էինք 6 թեկնածու, երեքը, սակայն, հետո ինքնաբացարկ հայտնեցին: Երեկ էլ կայացած ընտրություններում, նախնական տվյալներով, ձայների 74%-ով անցել եմ ես, մնացած 26%-ը բաշխվել է մյուս երկու թեկնածուների միջև: Հարավային ընտրատարածքում եղել են 3 թեկնածու, երկուսը հետագայում ինքնաբացարկ են հայտնել: Միակ թեկնածուն՝ Ժորժ Աբրահամյանն է անցել խորհրդարան»,- ասել է Կարեն Խանլարյանը:
Պատգամավորի խոսքով՝ հայ համայնքն ակտիվորեն մասնակցել է երեկվա ընտրություններին. 12 հազար ընտրող Հյուսիսային ընտրատարածքում, մոտ 2 հազարը՝ Հարավայինում:
«Ես շատ գոհ եմ խորհրդարանական ընտրություններից, արդյունքն իմ կարծիքով շատ լավն է»,- հավելել էնա:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Իրանում փետրվարի 26-ին կայացած խորհրդարանի (մեջլիս) եւ Փորձագետների խորհրդի ընտրություններին մասնակցել է ընտրողների 58 տոկոսից ավելին, կամ մոտ 33 մլն մարդ: