ԵՏՄ-ից ֆիզիկական անձանց կողմից ներկրվող ավտոմեքենաների համար ավելացված արժեքի 20 տոկոսանոց հարկը չգանձելը բերելու է Հայաստանում մեքենաների էժանացման.
ԵՏՄ-ից ՀՀ ներկրվող մեքենաները էժանանալու են, բայց ե՞րբ. հարցի պատասխանը, որ հուզում է բոլորին, դեռ պարզ չէ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 27, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Tert.am-ի հետ զրույցում նման գնահատականներ հնչեցրին «Ավտովարորդների պաշտպանության լիգայի» նախագահ Տիգրան Հովհաննիսյանը և «Հայկական ժամանակ» օրաթերթի տնտեսական մեկնաբան Հայկ Գևորգյանը:
Tert.am-ի հետ զրույցում Տիգրան Հովհաննիսյանը հայտարարեց. « Շատ հիանալի լուր է, շատ արդարացի։ Իսկ մնացածն իրենց խղճի վրա է, որովհետև փաստորեն մարդիկ, որոնք մինչ այս ներկրել են ու մաքսազերծել են 20 տոկոսով, փաստի առաջ են կանգնել: Բայց, կրկնում եմ` շատ ուրախ եմ, որ այդպիսի լուր եք հայտնում»:
Հիշեցնենք, որ Մոսկվայի, Երևանի ու Աստանայի միջև կազմակերպված ասուլիսի ընթացքում ԵՏՄ ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով նախարար Տատյանա Վալովայան հայտարարեց, թե երբ Հայաստանի իշխանությունները 20 տոկոս ավելացված արժեքի հարկ են գանձում ԵՏՄ երկրներից Հայաստան ավտոմեքենա ներմուծող ֆիզիկական անձանցից, դա հակասում է միության իրավապայմանագրային դաշտին:
Մինչդեռ, ըստ վարչապետ Հովիկ Աբրահամյանի պարզաբանման` օրենքով դա պիտի արվեր 2017 թվականի հունվարի 1-ից, սակայն կառավարությունը կրճատում է այդ ժամկետը:
Տիգրան Հովհաննիսյանը նշեց, որ ավելացրած արժեքի հարկը մեքենաների վաճառքի դեպքում գործում է նաև երկրի ներսում։ Այսպիսով 30 տոկոս՝ 20 տոկոս ավելացված արժեքի հարկ, 10 տոկոս բնապահպանական վճար՝ 5 տարվանից ավելի շահագործվող ավտոմեքենայի յուրաքանչյուր տարվա համար 2 տոկոս։ Տիգրան Հովհաննիսյանը դա համարում է «ահավոր մեծ չափանիշ»:
Հասարակական կազմակերպության ներկայացուցիչը որոշումից ակնկալում է, որ Հայաստանում ավտոպարկը կթարմանա, շուկան կլցվի մինչև 5 տարեկան մեքենաներով, օդը չի աղտոտվի: Միաժամանակ, Տիգրան Հովհաննիսյանին հետաքրքրում է` եթե ասում են, որ չեն գանձելու, ո՞ր օրվանից չեն գանձելու:
Ի դեպ, Tert.am-ը այս հարցի առնչությամբ զրուցել էր կառավարության և ոլորտի որոշ պաշտոնյաների հետ, որոնք հղում անելով ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանի կողմից ևս 2 օր ժամանակ խնդրելուն, խնդրեցին սպասել մի քանի օր:
Հիշեցնենք, որ Վաչե Գաբրիելյանը՝ խնդրելով ԵՏՄ երկրների և մեր քաղաքացիների կողմից ներկրված մեքենաների ԱԱՀ-ով հարկման անցումային դրույթները վերացնելու վերաբերյալ նախագիծն անհետաձգելի ճանաչել, խնդրեց 2 օր ժամանակ վերջնական մշակումների համար:
Վաղը տվյալ հասարակական կազմակերպության ներկայացուցիչները հրավիրելու են մամուլի ասուլիս: Ի պատասխան հարցի, թե հետադարձության սկզբունքով պահանջելու եք, որ ներկրողներին վերադարձվեն ներկրված ավտոմեքենաների դիմաց գանձված 20 տոկոսները , Տիգրան Հովհաննիսյանն ասաց. «Չենք պահանջելու, ես չեմ ուզում վնասել իմ պետությանը, բայց մենք առաջարկելու ենք, որ այս դաշտն օրինականացվի, քանի որ մեքենաների ներկրմամբ և վաճառքով զբաղվում են տասնյակ հազարավոր քաղաքացիներ, որոնք ոչ թե ընկերությունների նման 50-100 մեքենա են ներկրում, այլ` 1-2: Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ այս դաշտը 25 տարի է` անկախությունից ի վեր, անօրինական է»:
Ի պատասխան հարցի, թե քանիսն են ՀՀ-ում մեքենա ներկրողները, Տիգրան Հովհաննիսյանը նշեց, որ դժվար է ասել, կպարզվի միայն այդ դաշտ մտնելուց հետո:
«Հայկական ժամանակ» օրաթերթի տնտեսական մեկնաբան Հայկ Գևորգյանի մեկնաբանությամբ` այդ 20 տոկոսները միանշանակ ենթակա են վերադարձման, սակայն այլ հարց է` կտա՞ն: