ՀՀ ԱԳՆ-ում մարտի 16-ին տեղի է ունեցել Մարդու իրավունքների շուրջ ՀՀ-ԵՄ երկխոսության 7-րդ փուլը:
ՀՀ ԱԳՆ-ում կայացել է մարդու իրավունքների շուրջ ՀՀ-ԵՄ երկխոսության 7-րդ փուլը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչության փոխանցմամբ՝ հայկական պատվիրակությունը գլխավորել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը, իսկ ԵՄ պատվիրակությունը` Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության մարդու իրավունքների ռազմավարության և քաղաքականության իրականացման ստորաբաժանման ղեկավար Էլիզաբեթ Թիզոնը: Նիստին մասնակցել են նաև ՀՀ պետական գերատեսչությունների բարձրաստիճան պաշտոնյաներ և ներկայացուցիչներ:
Երկխոսության ընթացքում քննարկվել են մարդու իրավունքներին վերաբերող մի շարք հարցեր: Ընդգծվել է Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ու խթանման ոլորտում բարեփոխումների իրականացման գործընթացում արձանագրված առաջընթացը: Այդ համատեքստում հայկական կողմն իր հանձնառությունն է հայտնել շարունակելու երկրում մարդու իրավունքների պաշտպանությանն ապահովմանը ուղղված քայլերը: Հիմք ընդունելով ընդհանուր արժեքները` կողմերն ընդգծել են Հայաստանում բարեփոխումների հետագա խթանման համար ԵՄ աջակցության կարևորությունը:
Հանդիպման օրակարգում են եղել նաև դատաիրավական ոլորտին, ընտրական օրենսդրությանը, երեխաների իրավունքների և գենդերային հավասարությանը, քաղաքական ու քաղաքացիական ազատություններին, քաղաքացիական հասարակության մասնակցությանն առնչվող հարցեր:
Անդրադարձ է կատարվել միջազգային կազմակերպությունների, մասնավորապես, ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի և Եվրոպայի խորհրդի հետ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առավել առարկայական համագործակցության հնարավորություններին:
Մարդու իրավունքների շուրջ ԵՄ-Հայաստան երկխոսությունը հաստատվել է 2009 թվականի դեկտեմբերին: Հանդիպումները տեղի են ունենում տարեկան մեկ անգամ` հաջորդաբար Երևանում և Բրյուսելում: