Artsakhpress

Քաղաքական

Մեր հարեւանները չեն կարողացել սահմանափակել մեր մտքի ընթացքը. ՀՀ նախագահի ելույթը՝ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտու

Ես երազում եմ այն Հայաստանի մասին, որտեղ ուժեղ եւ կայացած անհատները ջանք ու եռանդ չեն խնայում պետական եւ հասարակական կայուն հաստատություններ ստեղծելու համար:

Մեր հարեւանները չեն կարողացել սահմանափակել մեր մտքի ընթացքը. ՀՀ նախագահի ելույթը՝ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտու

Մեր հարեւանները չեն կարողացել սահմանափակել մեր մտքի ընթացքը. ՀՀ նախագահի ելույթը՝ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտու

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին, մարտի 29-ին, Մասաչուսեթսի տեխնոլոգիաների ինստիտուտում իր ելույթի ժամանակ նշել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 29-ին ԱՄՆ Մասաչուսեթս նահանգում այցելել է «Մոդեռնա թերափեութիքս» բիոտեխնոլոգիական ընկերություն: Այն հիմնվել է 2011 թվականին եւ զբաղվում նոր սերնդի դեղամիջոցների մշակմամբ: Ընկերության հիմնադիրներից է ամերիկահայ Նուբար Աֆեյանը, ով նաեւ տնօրենների խորհրդի նախագահն է: «Մոդեռնա թերափեութիքս»-ի հետազոտական թիմում այսօր ներգրավված է երեք հարյուրից ավելի աշխատակից: Ընկերությունը հետազոտական կենտրոններ ունի ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Քեմբրիջ քաղաքում եւ Շվեդիայի մայրաքաղաք Սթոքհոլմում: ՀՀ Նախագահը հանդիպում է ունեցել ընկերության հիմնադիր Նուբար Աֆեյանի եւ գործադիր տնօրեն Ստեֆան Բանսելի հետ, այնուհետեւ նրանց ուղեկցությամբ շրջայց է կատարել «Մոդեռնա թերափեութիքս»-ում, ծանոթացել ընկերության գործունեությանը, օգտագործվող նոր տեխնոլոգիաներին եւ միջազգային մի շարք խոշոր դեղագործական ընկերությունների ու հետազոտական հաստատությունների հետ համագործակցություն հաստատած այդ ընկերության առաջիկա ծրագրերին:

Հանրապետության Նախագահը նույն օրը այցելել է Մասաչուսեթսի տեխնոլոգիաների ինստիտուտ եւ կրթական այդ հաստատության մեդիա լաբարատորիա: Սերժ Սարգսյանը նախ հանդիպում է ունեցել ինստիտուտի ռեկտոր Ռաֆայել Ռայֆի հետ, ապա մեդիա լաբորատորիայի համահիմնադիր Նիկոլաս Նեգրոպոնտեի եւ «Լույս» հիմնադրամի կրթական ծրագրի գործադիր տնօրեն Ժաքլին Կարաասլանյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել մեդիա լաբորատորիայում, որից հետո այցելել է «Սամբերգ» համաժողովների կենտրոն: Այստեղ տեղի է ունեցել ամերիկահայ գիտնականների մասնակցությամբ ընդունելություն եւ հանդիպում «Լույս» հիմնադրամի կրթաթոշակառուների ու շրջանավարտների հետ: Հանրապետության Նախագահը հանդես է եկել ելույթով:

***
Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Մասաչուսեթսի տեխնոլոգիաների ինստիտուտում`

«Կրթությունը եւ մարդկային կապիտալը. կայուն զարգացման ուղի» թեմայով

 Հարգարժա´ն նախագահ Ռայֆ,
Հարգելի´դասախոսներ եւ գիտնականներ,
«Լույս» հիմնադրամի սիրելի´ կրթաթոշակառուներ եւ շրջանավարտներ,

Իհարկե, Ինձ համար մեծ պատիվ է գտնվել աշխարհի առաջատար բուհերից մեկում՝ Մասաչուսեթսի տեխնոլոգիաների ինստիտուտում: Շնորհակալ եմ, որ ինձ եւ իմ գործընկերներին հյուրընկալում եք այսօր: Ձեր ինստիտուտը՝ դասավանդման հարուստ ավանդույթներով, նորարարական գաղափարներով եւ նվաճումներով, իր ծանրակշիռ ավանդն է բերում ողջ մարդկության զարգացման գործին:

Հատկանշական է, որ իր գոյության 155 տարիների ընթացքում այն ոչ միայն դիմակայել ու հարմարվել է հարափոփոխ զարգացումներին, այլեւ վերածվել դրանք ուղղորդող առաջամարտիկի: Այդ են վկայում ձեր կատարած բազմաթիվ հայտնագործությունները, արձանագրած հաջողությունները, նվաճած Նոբելյան մրցանակները:

Իմիջիայլոց, շատ ուրախ եմ, որ այսօր ինստիտուտի նախագահը հույս հայտնեց, որ Մասաչուսեթսի տեխնոլոգիաների ինստիտուտի շրջանավարտներից որեւէ մեկը անպայման արժանանալու է Նոբելյան մրցանակի: Պարոն Նուբար Աֆեյանը վկա է:

Շատ կարեւոր է, որ կատարված աշխատանքը վերածվում է կիրառելի ծրագրերի, որոնցից այսօր օգտվում է ողջ աշխարհը: Անչափ ուրախ եմ, որ միայն վերջին տարիների ընթացքում մոտ երկու տասնյակ հայ ուսանողներ նույնպես դարձել են այս մեծ ընտանիքի անդամ:

Տեխնոլոգիական լաբորատորիաների հնարավորություններն ու կարողությունները տպավորիչ են: Ինքս այսօր դրա ականատեսը եղա: Անշուշտ, ինձ համար շատ զարմանալի էր եւ ուսանելի: Կարեւոր է, որ լսում ես շատ բաների մասին, բայց մի բան է լսել, մեկ այլ բան` սեփական աչքով տեսնել: Ի դեպ, ինստիտուտի «Լեգո» ուսուցման լաբորատորիայի մեթոդաբանությամբ Երեւանում գործում է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը, որի նպատակն է երեխաների եւ երիտասարդների մտավոր ունակությունների բացահայտումն ու նրանց մրցունակության բարձրացումը:

Մասաչուսեթսի տեխնոլոգիաների ինստիտուտի մեդիա լաբորատորիաների հետ հայաստանյան գործընկերների համագործակցությունը էապես հարստացրել է Հայաստանի կրթությունը նորարարական գաղափարներով եւ ծրագրերով: Հայաստանում ստեղծված «Այբ» դպրոցը կարելի է իրավամբ համարել դրա արդյունքը: Նոր կրթական բովանդակության եւ միջավայրերի ստեղծման մեր որոնումների մեջ մեծ դերակատարում են ունեցել մի շարք հայտնի գիտնականներ, մասնավորապես` Սիմոր Փափերթը եւ Բիլ Միտչելը: Մենք շատ շնորհակալ ենք: Այս տարի Հայաստանում բացեցինք երկու արհեստական ինտելեկտի լաբորատորիա, որոնք նորարարության եւ ստեղծագործելու մեծ հնարավորություն ընձեռեցին ճարտարագիտությամբ եւ տեխնոլոգիաներով հետաքրքրված հայ երիտասարդներին: Այս ինստիտուտում մշակված «Շրջված դասասենյակ» ծրագրի ներդրումը Հայաստանում տալիս է զգալի արդյունքներ եւ էապես փոխում սովորողների ու ուսուցիչների պատկերացումները ժամանակակից կրթության մասին:

Հարգելի´ բարեկամներ,

Այս հաստատության վերջին տարիների աչքի ընկնող ներկայացուցիչներից մեկն է Տարոն Աճեմօղլուն, ում տեսական աշխատանքը մեծ ճանաչում գտավ ամենուր: Նրա աշխատանքի հիմնական փաստարկներից մեկն այն է, որ տնտեսական բարեկեցությունն էապես կախված է ինստիտուցիոնալ զարգացումից, իսկ ավելի հստակ՝ տնտեսական եւ քաղաքական հաստատությունների համընդգրկունությունից: Հենց այդ ինստիտուտների շնորհիվ է հնարավոր հաղթահարել աղքատությունը եւ հասարակությունը պատուհասող մյուս չարիքները:

Այս փաստարկի հիմնավորվածության մեջ մենք համոզվել ենք մեր սեփական փորձի վրա: Շատ դժվար է իրականացնել որեւէ բարեփոխում, եթե հասարակության մեջ սասանված է հավատը արդարության հանդեպ, եթե հասարակական ինստիտուտները չեն արտացոլում հասարակության իրական իղձերը: Շատ դժվար է պատկերացնել ինստիտուտներն այն պարագայում, երբ մարդիկ չեն հավատում դրանց արդյունավետությանը, իրավունքի գերակայությանը եւ օրենքի առջեւ բոլորի հավասարությանն՝ առանց որեւէ խտրականության:

Սակայն ովքե՞ր են կայացնում հաստատությունները, եթե ոչ մարդիկ: Իմ անցած ողջ քաղաքական ուղու ընթացքում ես երբեք Հայաստանի քաղաքացիների՝ վառ ու բացառիկ անհատականություններ լինելու մեջ չեմ երբեք կասկածել: Այժմ եկել է պահը, երբ այդ ստեղծագործական ներուժը լուրջ արդյունքներ պետք է տա:

Ես երազում եմ այն Հայաստանի մասին, որտեղ ուժեղ եւ կայացած անհատները ջանք ու եռանդ չեն խնայում պետական եւ հասարակական կայուն հաստատություններ ստեղծելու համար: Իսկ դա իրականություն է դառնալու միայն այն պարագայում, երբ նրանք համոզվեն, որ այդ հաստատությունները իրենցից յուրաքանչյուրի սեփականությունն են: Իմ այս պատկերացումը գաղտնիք չէ որեւէ մեկի համար: Ավելին, այն իրականություն դարձնելու համար հետեւողական աշխատանք ենք կատարում Հայաստանում:

Վերջերս մենք էական փոփոխություններ ենք մտցրել մեր Սահմանադրության մեջ: Այս առումով գալիք մեկուկես-երկու տարիները խիստ կարեւոր են լինելու, քանի որ մեր պետությունը համակարգային փոփոխություն է ապրում:

Վստահ եմ, որ այդ աշխատանքը լինելու է արգասաբեր եւ տեսանելի մեր ժողովրդի համար: Դրա գրավականը ոչ միայն մեր քաղաքական կամքն է, այլեւ Հայաստանի քաղաքացին՝ նախաձեռնող, ձգտող, հայրենիքին նվիրված: Դրա գրավականն է Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու դրսեւորած կամքը: Մենք բոլորս այդ ձեռնարկի համասեփականատերերն ենք:

Հուսով եմ, որ մենք կկարողանանք նաեւ մեր փորձով ապացուցել Տարոն Աճեմօղլուի տեսական աշխատանքի իսկությունը: Նաեւ հուսով եմ, որ նա անպայման կարժանանա տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակի՝ կրկին հռչակ բերելով այս հոյակապ ինստիտուտին:

Հարգելի´ գիտնականներ,

Այս տարի Հայաստանի Հանրապետությունը թեւակոխել է իր անկախության քառորդ դարը՝ անցնելով զարգացման բարդ եւ դժվարին ճանապարհ: Մեր պետականաշինության գործընթացը զուգորդվել է ավերիչ երկրաշարժով, հարեւանների կողմից մեզ պարտադրված պատերազմով եւ շրջափակումով, տարածաշրջանային վայրիվերումներով: Այս ամենը՝ մեր ոչ հարուստ բնական ռեսուրսների հետ մեկտեղ, սահմանափակել են մեր երկրի զարգացման հեռանկարները:

Սակայն դրանք նաեւ հնարավորություն են ընձեռել ժողովրդավարական համակարգի եւ գիտելիքահենք տնտեսության վրա խարսխված պետություն կառուցելու համար:

Դժվարությունները, այո´, ստեղծել են խոչընդոտներ, բայց չեն կասեցրել մեր առաջընթացը, չեն կոտրել իր երազած հայրենիքը կերտելու հայ ժողովրդի կամքը: Մեր հարեւանները, այո´, փակել են մեր տարածքային սահմանները, բայց չեն կարողացել սահմանափակել մեր մտքի ընթացքը: Բնական ռեսուրսները սպառվելու հատկություն ունեն, իսկ մարդկայինը՝ վերարտադրվելու:

Ուրախ եմ, որ իմ երկրի երիտասարդներն ակտիվորեն ներգրավված են բարձր տեխնոլոգիաների վերջին նվաճումների եւ գիտական մշակումների մասին քննարկումներում եւ նպաստում են դրանց հետագա կատարելագործմանը: Մեր բարձրագույն ուսումնական հաստատություններում տարեկան պատրաստվում է տեղեկատվական եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտի 2000 մասնագետ:

Մարդկային ներուժի շնորհիվ է, որ այսօր փոքր Հայաստանը դիրքավորվել է աշխարհի տեղեկատվական տեխնոլոգիաների քարտեզի վրա: Այսօր հայ մասնագետների կողմից մշակված լուծումները լայնորեն օգտագործվում են աշխարհի տարբեր երկրներում:

Այս ոլորտում Հայաստանն ունի մի շարք մրցակցային առավելություններ: Մենք քաջ գիտակցում ենք, որ առկա հաջողությունների երկարակեցության գրավականը ամուր կրթական հիմքի ապահովումն է: Միջազգային առաջադեմ նվաճումներին հաղորդակից աշակերտի, ուսանողի, հետազոտողի ձեւավորումը դարձել է մեր կրթական համակարգի հիմնական նպատակը:

Հպարտությամբ պետք է նշեմ, որ մեր դպրոցականները վերջին տարիներին միջազգային առարկայական օլիմպիադաներում փայլուն արդյունքներ են արձանագրում: Անցած տարի Հայաստանի աշակերտները մաթեմատիկայի, ֆիզիկայի, աստղագիտության ու կենսաբանության միջազգային օլիմպիադաներից վերադարձել են 20 մեդալով՝ 5 արծաթե եւ 15 բրոնզե:

3 միլիոնանոց Հայաստանի համար սա չափազանց բարձր ցուցանիշ է, եւ որպեսզի կարողանանք համեմատել, ասեմ, որ մեր հարեւանները՝ Ադրբեջանը շահել է 4, իսկ Վրաստանը՝ 8 մեդալ:

Նման արդյունքներ ենք ունեցել եւ նախորդող տարիներին՝ 2014 թվականին Հայաստանի աշակերտները ստացել են 19, 2013 թվականին՝ 15, 2012 թվականին՝ 16 մեդալ: Ես իսկապես շատ եմ հպարտանում մեր աշակերտներով եւ հուսով եմ, որ նրանք գիտելիքով առանձնանալու այս գեղեցիկ տեմպը շարունակելու են պահպանել:

Քեմբրիջի համալսարանի եւ Լոնդոնի համալսարանական քոլեջի կրթության ինստիտուտի հետ իրականացվում է Կրթության գերազանցության ազգային ծրագիրը, որի նպատակն է բոլոր հայ դպրոցականներին հասանելի դարձնել առաջատար կրթությունը: Ծրագրի շրջանակում վերապատրաստվելու եւ պատրաստվելու են հազարավոր ուսուցիչներ: Ծրագիրն իրականացվելու է «Արարատյան բակալավրիատ» նոր կրթական հարթակով: Դա միջազգային չափանիշներ պարունակող հայալեզու համակարգ է, որը լավագույնս արտացոլում է համաշխարհային կրթության ձեռքբերումները եւ հայ դպրության հարուստ ավանդույթները` հիմնված մեր ազգային արժեքների վրա: Այս տարի առաջին անգամ հայ շրջանավարտները հայերենով կհանձնեն «Արարատյան բակալավրիատ»-ի միջազգային քննությունները Հայաստանում:

Մրցունակ նոր սերունդ պատրաստելուն օժանդակելու նպատակով մենք ստեղծել ենք ոչ պետական «Լույս» հիմնադրամը, որը կրթաթոշակներ է տրամադրում աշխարհի առաջատար բուհեր ընդունված հայ երիտասարդներին: Անշուշտ, առկա էր մտավախություն, որ կարող ենք կորցնել մեր մարդկային ռեսուրսը, սակայն ինչպես մի առիթով ինձ ասել է Սինգապուրի երջանկահիշատակ վարչապետ Լի Քուան Յուն՝ նույնիսկ եթե մեր հայրենակիցները սովորելուց հետո չվերադառնան հայրենիք, միեւնույն է, նրանք մեր հարստությունն են դրսում, նրանց շնորհիվ աշխարհը ճանաչում է մեզ, նրանք տարբեր ձեւերով աջակցում են ինչպես հյուրընկալ պետության, այնպես էլ սեփական հայրենիքի զարգացմանը:

Սա առավել քան ճշմարիտ է Հայաստանի դեպքում: Մեր հայրենակիցների ձեռքբերումները հայրենիքից դուրս նաեւ մեր ձեռքբերումներն են, իսկ նրանց հեղինակությունը՝ Հայաստանի միջազգային վարկանիշի բարձրացման կարեւոր գործոն:

Միեւնույն ժամանակ հետագա կյանքը ցույց տվեց, որ «Լույսի» շրջանավարտների բացարձակ մեծամասնությունն ուսումն ավարտելով հայրենիք է վերադառնում եւ ներգրավվում Հայաստանի զարգացման գործում: Սա արդեն իրականությունն է:

Այսօր այստեղ ներկա են այս պահին ԱՄՆ-ի առաջնակարգ բուհերում սովորող մեր երիտասարդները: Ուրախ եմ բոլորիդ տեսնելու լավ տրամադրությամբ եւ նպատակադրված հայացքներով: Բոլորիդ հաջողություն եմ մաղթում այն կարեւոր գործում, որը այսօր դուք եք անում: Ընդհանրապես, «Լույս» հիմնադրամը ստեղծելու, աշխարհի առաջնակարգ բուհեր ընդունված մեր երիտասարդների ուսումը ֆինանսավորելու գաղափարը մշակելիս մենք մեկ նպատակ էինք հետապնդում՝ տուն բերել այն ամբողջ առաջավորն ու նորը, որ անընդհատ ստեղծվում է աշխարհում, որ ուսումնասիրվում ու մշակվում է աշխարհի առաջատար գիտական կենտրոններում: Տուն ասելով ես նկատի ունեմ նաեւ ձեզնից յուրա-քանչյուրին, հայություն ու Հայաստան կոչվող մեր մեծ ընտանիքին: Իմ կարծիքով աշխարհի առաջատար բուհերում լավագույն կրթություն ստացած՝ «Լույսի» յուրաքանչյուր շրջանավարտ իր կյանքում պարտավոր է երեք բան անել՝ բնակարան ունենալ Հայաստանում, աշխատել կամ ներգրավված լինել իր մասնագիտությամբ որեւէ հայաստանյան նախաձեռնության մեջ եւ ամբողջ կյանքում լինել Հայաստանի ու հայոց լեզվի խորհրդանշական դեսպան ամեն տեղ:

Իմիջիայլոց, մենք Հայաստանում արդեն տեւական ժամանակ իրականացնում ենք «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագիրը, որի միջոցով շուկայականից էապես ցածր գնով եւ մատչելի հիփոթեքային վարկերի տրամադրման միջոցով երիտասարդ ընտանիքներին ժամանակակից բոլոր պահանջներին համապատասխան բնակարան ձեռքբերելու հնարավորություն ենք տալիս: Հիշեք խնդրեմ, որ այդ ծրագրի պատասխանատուները միշտ ձեզ են սպասում եւ ուսումն ավարտելուց հետո առաջինը հենց այդ գրասենյակ պետք է այցելեք Երեւանում:

Սիրելի՛ բարեկամներ,

Այսօր մենք աշխատում ենք նաեւ համալսարան-գիտություն-աշխատաշուկա սահուն փոխլրացնող մեխանիզմների ամրապնդման ուղղությամբ: Ես շնորհակալ եմ ամերիկահայ գիտնականների տպավորիչ բանակի այն տասնյակ ներկայացուցիչներին, ովքեր արձագանքելով իմ հրավերին, ողջ երկրից հավաքվեցին այս դահլիճում: Վստահ եմ, որ դուք չեք զղջում եւ ինձ պես ոգեւորվում եք «Լույսի» ներկայիս կրթաթոշակառուների ու շրջանավարտների հաջողություններով: Ես համոզված եմ, որ այս հանդիպումը երկարատեւ եւ գործնական կապերի ձեւավորման մեկնարկ է: Ձեզնից շատերը սերտ փոխգործակցություն չունեն ավանդական հայկական կառույցների, կուսակցությունների, երբեմն անգամ` համայնքների հետ: Հուսով եմ, որ այս ձեւաչափով շփումները կարող են պարբերական դառնալ եւ հիմք դնել ձեր ամենօրյա եւ փոխշահավետ համագործակցությանը` ամերիկահայ գիտ-նականների ոչ պաշտոնական յուրատեսակ ցանց ձեւավորելով:

Այս հանդիպումը հատկանշական է նաեւ Հայաստանի եւ արտասահմանյան բուհերի միջեւ սերտ համագործակցություն ծավալելու առումով: Այսօր խոսելով ինստիտուտի նախագահի հետ, հրավիրեցի նրան Հայաստան, ինչին ի պատասխան նա ասաց, որ շատ երջանիկ կլինի, եթե ժամանակ գտնի ու գա Հայաստան: Կարծում եմ, նրա գալով էլ մեր կապերը այս առաջնակարգ հաստատության հետ կամրապնդվեն, ինչը մեզ համար չափազանց կարեւոր է:

Մեր երազանքն է Հայաստանում խթանել տեխնոլոգիական բարձրագույն կրթությունը` համագործակցելով աշխարհի առաջատար բուհերի հետ: Եվ այստեղ, իհարկե, մենք ակնկալում ենք բոլոր նրանց աջակցությունը, ովքեր կարող են այս գործում օգտակար լինել:
2019 թվականին Հայաստանում նախատեսում ենք անցկացնել տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողով: Ուրախ կլինենք, եթե ձեր ինստիտուտի ներկայացուցիչները եւս մասնակցեն այդ խոշոր միջոցառմանը:

Ավարտելով խոսքս` ցանկանում եմ հատուկ նշել դոկտոր Նուբար Աֆեյանի անունը: Շնորհակալ եմ այսօրվա միջոցառումն ամբողջությամբ կազմակերպելու, այս քննարկումները շատ փայլուն եւ բարձր մակարդակով անցկացելու համար: Պարո՛ն Աֆեյան, ուզում եմ Ձեզ եւ Ձեր տիկնոջը շնորհակալություն հայտնել երկար տարիներ Հայաստանին ցուցաբերած աջակցության համար: Եվ, իհարկե, հրապարակավ խնդրում եմ, որպեսզի մի շատ խելացի ընկերություն էլ Հայաստանում հիմնեք, եւ այն որպես օրինակ լինի այլոց համար: Գիտեք, հայերը միշտ հաջող օրինակներից են վարակվում:

Շատ շնորհակալ եմ այս ջերմ մթնոլորտի, ձեր խոսքերի եւ ձեր ոգեւորության համար: Եվ ձեզ բոլորիդ մաղթում եմ մտքի նոր թռիչքներ, որովհետեւ մտքի թռիչքներով է, որ դուք ապահովում եք ձեր բաժինը մարդկության զարգացման գործում:

Շնորհակալություն:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search