Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում ապրիլի 2-ի երեկոյան հանդիպել է հրապարակում հավաքված կամավորների մի մասին, նրանց ներկայացրել է սահմանի իրավիճակը, հավաստիացրել է, որ պաշտպանության բանակն ամբողջովին տիրապետում է ռազմական դրությանը և ծանր կորուստներ է պատճառել ադրբեջանական բանակին:
Անհրաժեշտության դեպքում բոլորս մեկնելու ենք հայրենիքի սահմանները պաշտպանելու. ԼՂՀ վարչապետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հաղորդում է ԼՂՀ կառավարության ֆեյսբուքյան էջը:
«Ուրախ եմ, որ կարճ ժամանակահատվածում այսքան մարդ է կամավորագրվել այս սուրբ գործին: Անհրաժեշտության դեպքում բոլորս մեկնելու ենք հայրենիքի սահմանները պաշտպանելու: Այս փուլում հորդորում եմ զերծ մնալ խուճապային տրամադրություններից՝ բարձր պահելով ողջ հասարակության մարտական ոգին»,- ասել է վարչապետը:
Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվում ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը: Ըստ ՊԲ օպերատիվ տվյալների, ադրբեջանական զինուժի կողմից ապրիլի 2-ին ժամը 08:30-ի սահմաններում Մարտունու պաշտպանական ուղղությամբ ՄՄ-21 («Գրադ») կայանքից իրականացված հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 2004թ. ծնված Վաղինակ Թաթուլի Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվել են: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները պաշտպանական հաջող մարտեր են իրականացնում առաջնային գծի բոլոր ուղղություններով՝ հակառակորդին պատճառելով կենդանի ուժի և զինտեխնիկայի զգալի կորուստներ: ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն՝ հայկական զինված ուժերը խոցել են հակառակորդի երկու մարտական ուղղաթիռ, ոչնչացրել երեք տանկ և երկու անօդաչու սարք: ՀՀ պաշտպանության նախարարությունը մշտական կապի մեջ է միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների ռազմադիվանագիտական ներկայացուցիչների հետ՝ ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում իրադրության զարգացման վերաբերյալ տեղեկատվության փոխանակման և անհրաժեշտ խորհրդակցությունների նպատակով: