ԱՄՆ-ում ստեղծագործող հայտնի նկարիչ Տիգրան Ձիթողցյանը, ով իր ինքնատիպ կտավներով հայտնի է թե՛ Արևմուտքում, թե՛ ԱՊՀ երկրներում, իր պաշտոնական ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ ապրիլի 22-ին Բրյուսելում տեղի է ունենալու իր կտավների մասնակցությամբ նոր ցուցահանդեսի բացումը։
Հայազգի հայտնի նկարիչ Տիգրան Ձիթողցյանի աշխատանքները կցուցադրվեն Բրյուսելում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Նյու Յորքում ապրող ու ստեղծագործող արվեստագետը նաև մանրամասնել է, որ բացի այդ՝ ցուցահանդեսի շրջանակում ներկայացվելու են Դեմիեն Հըրսթի, Դևիդ Լաշապելի, Ֆրենկ Ստելայի և շատ այլ հայտնի նկարիչների աշխատանքները:
Նշենք, որ Տիգրան Ձիթողցյանը ծնվել է Երևանում։ Նկարել սկսել է 5 տարեկան հասակից։ Առաջին անհատական ցուցահանդեսն ունեցել է 10 տարեկանում, որտեղ ներկայացրել է շուրջ 102 յուղաներկ նկարներ, որոնք ցուցադրվել են նաև Իսպանիայում, Ռուսաստանում, Ճապոնիայում, ԱՄՆ-ում։
1993-1999 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայում, այնուհետև կրթությունը շարունակել է Շվեյցարիայի École Cantonale d'Art du Valais-ում, 2002 թվականին ստացել է բակալավրի աստիճան, 2005 թվականին՝ Հանրային բնագավառի արվեստի մագիստրոսի աստիճան (MAPS)։ 2009 թվականից հաստատվել է Նյու Յորքում: