Մամուլի ազատության օրվա առթիվ ԱՄՆ-ն քննադատել է Թուրքիայում մամուլի ազատության վիճակը։
Մամուլի ազատությունը ճիշտ ուղով չի ընթանում. ԱՄՆ-ն քննադատել է Թուրքիայում մամուլի վիճակը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Ջոն Քիրբին Վաշինգտոնում ամենօրյա ճեպազրույցների ընթացքում անդրադարձել է Թուրքիայում մամուլի ազատության վիճակին ու նշել, որ այն «ճիշտ ուղով չի ընթանում», հայտնում է CNN Turk-ը։
«Այդ հարցի շուրջ ավելի վաղ ևս խոսել ենք։ Թուրքիայում մամուլի ազատության միտումը լավ չէ, ճիշտ ուղով չի ընթանում։ Որպես մտահոգիչ ենք բնութագրել, և այժմ էլ կարծում ենք, որ այդպես է»,-ասել է նա։
Քիրբին նշել է, որ թուրք պաշտոնյաների հետ առանձնազրույցներում կամ հասարակական քննարկումների ժամանակ շարունակելու են բարձրաձայնել մամուլի ազատության վիճակի մասին։
Թուրք լրագրողները հայտնում են, որ թուրքական լրատվամիջոցները բախվել են 1980-ականներից ի վեր մամուլի ազատության վատագույն բռնաճնշումներին: Օրերս The Guardian թերթն իր հոդվածում գրել էր, որ երկրում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ուղղված վիրավորական խոսքերի առնչությամբ 2000 գործ է բացվել, հայտնի լրագրողները շաբաթը երկու կամ երեք անգամ հայտնվում են դատարանում: Բացի այդ, քուրդ լրագրողները ծեծի են ենթարկվում կամ բերման են ենթարկվում երկրի հարավ-արևելքում, իսկ օտարերկրյա լրագրողները հարձակումների են ենթարկվում կամ արտաքսվում:
Լրագրողներից բացի՝ հետապնդվում են նաև գիտնականները՝ Քուրդիստանի աշխատավորական կուսակցության քարոզչությունը տարածելու մեղադրանքով: Արդյունքում ստեղծվում է վախի մթնոլորտ, որը, թուրք լրագրողների խոսքերով, քննադատական մամուլը լռեցնելու փորձ է: