ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը հայտարարել է, որ Եվրոպայում պաշտպանական կարիքների վրա դաշինքի ծախսերը 2016 թվականին կաճեն՝ «Ռուսաստանի կողմից սպառնալիքների» և եվրոպական երկրներում ստեղծված միգրացիոն ճգնաժամի ֆոնին:
Սթոլթենբերգը հայտնել է Եվրոպայում անվտանգության ծախսերի ավելացման մասին՝ ռուսական սպառնալիքի պատճառով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 31 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «2016 թվականի կանխատեսումը, որը հիմնված է դաշինքի երկրներից ստացվող տվյալների վրա, ցույց է տալիս, որ 2016-ը կլինի եվրոպացի դաշնակիցների ավելացված ծախսերով առաջին տարին վերջին տարիների ընթացքում»,- ասել է Սթոլթենբերգը:
ՆԱՏՕ-ի ծախսերի վերաբերյալ կոնկրետ թվեր չեն նշվում, սակայն դրանց ավելացման մասին են վկայում մի շարք եվրոպական երկրների հայտարարությունները: Առավել նկատելի փոփոխություններ են տեղի ունեցել Մերձբալթյան երկրներում, նշում է թերթը: Այսպես, Լատվիան ավելացնում է իր ռազմական բյուջեն մոտ 60 տոկոսով, Լիտվան՝ 35 տոկոսով, իսկ Էստոնիան՝ 9 տոկոսով: Արևելյան Եվրոպայում հիմնական ռազմական ուժի՝ Լեհաստանի ռազմական ծախսերը նույնպես կավելանան 9 տոկոսով, գրում է The Financial Times-ը::