Նախագահ Սահակյանը իր նստավայրում ընդունել և պարգևատրել է մի խումբ աշակերտների և ուսուցիչների
Նախագահ Սահակյանը իր նստավայրում ընդունել և պարգևատրել է մի խումբ աշակերտների և ուսուցիչների Այսօր ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը նախագահական նստավայրում ընդունել է 2015-2016 ուսումնական տարվա դպրոցականների առարկայական օլիմպիադայի ՀՀ եզրափակիչ փուլում մրցանակային տեղեր գրաված և գովասանագրերի արժանացած արցախցի 36 մասնակիցներին և նրանց ուսուցիչներին:
Նախագահ Սահակյանը իր նստավայրում ընդունել և պարգևատրել է մի խումբ աշակերտների և ուսուցիչների
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Իր խոսքում նախագահ Բակո Սահակյանը նշել է, որ կրթության ոլորտի զարգացումը ժամանակի պահանջներին համապատասխան և այստեղ առկա խնդիրների լուծումը միշտ եղել է ու կլինի ԼՂՀ իշխանությունների ուշադրության կենտրոնում՝ հավելելով, որ կրթված ու հայրենասեր սերունդը պետության հուսալի ապագայի երաշխիքներից է: Նախագահի կողմից արժեքավոր նվերների և պարգևների են արժանացել բոլոր աշակերտները, իսկ դպրոցական օլիմպիադայի եզրափակիչ փուլի՝ առաջին, երկրորդ և երրորդ կարգի դիպլոմների արժանացած աշակերտների ուսուցիչները դրամական պարգևատրում են ստացել:
ԼՂՀ կրթության գիտության և սպորտի նախարար Սլավա Ասրյանը նշել է, որ տարեցտարի մեծանում է դպրոցական առարկայական օլիմպիադաներում բարձր արդյունքներ գրանցող արցախցի աշակերտների թիվը, ինչպես նաև ընդլայնվում է դպրոցների աշխարհագրությունը: Նախարարը հավաստիացրել է, որ այսուհետ էլ արվելու է հնարավորը ձեռքբերված հաջողություններն ամրապնդելու և զարգացնելու համար, որպեսզի արցախցի աշակերտները հաջողությամբ մասնակցեն միջազգային օլիմպիադաներին:
Այս ուսումնական տարվա առարկայական օլիմպիադայի եզրափակիչ փուլի արցախցի մասնակիցները, ովքեր ԼՂՀ նախագահի կողմից պարգևատրվել են համակարգիչներով, պլանշետներով ու հեռախոսներով, առաջնակարգ տեղեր են զբաղեցրել գրեթե բոլոր առարկաններից՝ այդ թվում՝ նախնական զինվորական պատրաստություն, պատմություն, հայոց լեզու և գրականություն, ռուսաց լեզու, անգլերեն, ֆրանսերեն, ֆիզիկա և մաթեմատիկա առարկաներից:
Պարգևատրված ուսուցիչներն ու աշակերտները շնորհակալություն հայտնելով պարգևների և իշխանության կողմից ցուցաբերվող ուշադրության ու հոգատարության համար իրենց ելույթներում հավաստիացրել են, որ իրենց գիտելիքներն ու ներուժը ծառայեցնելու են հայրենիքի բարգավաճմանը: