Ամերիկյան Դալաս քաղաքում, որտեղ հինգշաբթի երեկոյան բողոքի ցույց է անցկացվել ընդդեմ ոստիկանների կողմից աֆրոամերիկացիների սպանության, առնվազն չորս ոստիկան է սպանվել, 11-ը՝ վիրավորվել:
Ամերիկյան Դալաս քաղաքում 4 ոստիկան է սպանվել, 11-ը՝ վիրավորվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Մեզ հայտնի է միայն, որ ոստիկանները տեղափոխվել են հիվանդանոց: Սակայն մենք տեղեկություն չունենք նրանց վիճակի մասին»,- հայտնել են լրագրողները դեպքի վայրից` հղում անելով ոստիկաններից մեկին, գրում է РИА Новости-ն:
Նրանք նշել են, որ ոստիկաններին տեսել են գետնին ընկած: Դեռևս հայտնի չէ՝ ով է կրակել ոստիկանների վրա: Միևնույն ժամանակ, իրավապահ մարմինների ուշադրությունը կենտրոնացած է քաղաքի կենտրոնում բազմահարկ կայանատեղիի վրա:
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ անհայտ անձը կրակ է բացել իրավապահների ուղղությամբ: Տուժած 3 ոստիկանները գտնվում են ծայրահեղ վիճակում:
Ոստիկանության ղեկավար Դևիդ Բրաունը բացատրել է, որ կրակողները 2-ն են եղել: Կասկածյալները սպառնացել են նաև ռումբ պայթեցնել Դալասի կենտրոնում:
Ոստիկանությունը հրապարակել է նրանցից մեկի լուսանկարը և խնդրել օգնել նրան գտնել: