Ամեն տարի Խաղաղության միջազգային օրը ողջ աշխարհում նշվում է որպես խաղաղության գաղափարն ամրապնդելու օր բոլոր ազգությունների և ժողովուրդների միջև:
ՄԱԿ-ում Հայաստանի դեսպանը կպարգևատրվի խաղաղության մրցանակով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես նշում է The Armenian Weekly-ն` սեպտեմբերի 22-ին Նյու Յորքի «Թրայբեկա» կինոթատրոնում կնշվի Խաղաղության միջազգային օրը: Այս տարվա միջոցառման թեման է «Արվեստը հանուն խաղաղության», և գեղանկարիչների մի շարք գործեր կվաճառվեն աճուրդով:
Հաղորդվում է, որ այս տարի կպարգևատրվեն մի շարք կազմակերպություններ և անհատներ, որոնց աշխատանքն արժանի է հատուկ ճանաչման գլոբալ և տեղական մակարդակներով խաղաղություն հաստատելու իրենց ջանքերի և մարդասիրական գործունեության համար: Խաղաղության մրցանակակիրների թվում է ՄԱԿ-ում Հայաստանի դեսպան Զոհրաբ Մնացականյանը:
Մնացականյանը 2011-ին արժանացել է Հայաստանի Մխիթար Գոշ մեդալի՝ դիվանագիտության ոլորտում վաստակավոր ծառայության համար: Նա մարդու իրավունքների պաշտպան և Ցեղասպանության գծով մանկավարժ է: