Երեկ մեկնարկել են «Արցախի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն» հիմնադրամի նորաբաց «Արմաթ» ինժեներական լաբորատորիայում գործող խմբակի դասընթացները:
Ստեփանակերտի «Արմաթ»-ում սկսել է գործել ինժեներական խմբակ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում լաբորատորիայի ղեկավար Ալբերտ Ծատրյանը տեղեկացրել է, որ խմբակում գրանցվել է 30 հոգի, իսկ ընդունելիությունը դեռ շարունակվում է:
Ընդունելիությունը կատարվում է Ստեփանակերտի բոլոր դպրոցների 6-8-րդ դասարանների աշակերտների համար: «Արմաթ» ինժեներական լաբորատորիան գործում է անվճար հիմունքներով և բաց է ինժեներական հարցերով հետաքրքրվող դպրոցականների համար:
«Մեզ մոտ դպրոցականները ձեռք կբերեն ժամանակակից տեխնոլոգիական կրթություն, ռոբոտաշինության և ծրագրավորման տարրական հմտություններ, որոնք հետագայում նրանց կօգնեն մասնագիտական կողմնորոշման հարցում: Անշուշտ, Արցախին անհրաժեշտ են ճշգրիտ գիտություններին տիրապետող բանիմաց մասնագետներ, ինժեներներ, որոնք նորովի կյանքի կկոչեն երկրի արդյունաբերությունը»,-ասել է Ա. Ծատրյանը, ով «Արմաթ»-ի ուսուցանող-մարզիչն է:
Ալբերտ Ծատրյանը նաև տեղեկացրել է, որ լաբորատորիայի հիմնումն աշակերտներին հնարավորություն կտա ձեռք բերել ժամանակակից ինժեներական հմտություններ:
«Նման լաբորատորիայի առկայությունը նախևառաջ հետարքրություն կառաջացնի ինժեներական մասնագիտության նկատմամբ, որի պահանջարկը շուկայում ներկայումս բավականին մեծ է. այն կօգնի հայտնաբերելու այն պատանիներին, ովքեր ինժեներական հակումներ ունեն,- ասել է Ա. Ծատրյանը և հավելել, որ լաբորատորիայի առկայությունը կօգնի , որ առաջիկա տարիներին տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը համալրվի նոր աշխատուժով:
Ի դեպ, «Արմաթ» ինժեներական լաբորատորիան բացվել է «Ucom» ընկերության և տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) աջակցությամբ: