Բաքվի ապակառուցողական քաղաքականության հետեւանքով Լեռնային Ղարաբաղում հազարավոր հեկտար հողեր զրկված են ոռոգման ջրից, ինչը մարդու իրավունքների եւ պետության ստանձնած միջազգային պարտավորությունների կոպիտ խախտում է:
Արտակ Բեգլարյան. Բաքվի քաղաքականության պատճառով Արցախում բազմաթիվ հողեր զրկված են ջրից
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 11, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտարարել է ԼՂՀ վարչապետի մամուլի խոսնակ Արտակ Բեգլարյանը՝ NEWS.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով «Սարսանգի ջրամբարի սպառնալիքի» մասին ռուսաստանցի քաղաքագետ Սերգեյ Մարկովի հայտարարությունը:
«Ռուսաստանցի քաղաքագետի հայտարարությունն աբսուրդի շարքից է: Որքան ինձ հայտնի է, քաղաքագետները սովորաբար ջրամբարների հարցերով տեխնիկական մասնագետներ չեն, մասնավորապես, եթե երբեք չեն տեսել այդ ջրամբարը: Այդ պատճառով ակնհայտ է, որ հայտարարությունը բացարձակապես անհիմն է, պարզապես քարոզչական հայտարարություն՝ արված որոշակի նպատակներով, ո՛չ ավելին:
Պաշտոնական Ստեփանակերտը բազմիցս հայտարարել է, որ Սարսանգի ջրամբարը որեւէ զգալի տեխնիկական խնդիր չունի, մեր մասնագետները պարբերաբար դրա վիճակի մոնիթորինգ են անցկացնում: Ավելին, Սարսանգում արդեն երեք հիդրոկայան է աշխատում, որոնք բնակչությանն էլեկտրաէներգիայով են ապահովում: Եթե որեւէ մեկը կասկածներ ունի Սարսանգի ջրամբարի ամբարտակի ամրության կապակցությամբ, կարող է այցելել Արցախ եւ անձամբ համոզվել, որ ԼՂՀ իշխանությունները հոգ են տանում մեր կարեւորագույն ռեսուրսներից մեկի անվտանգության անհրաժեշտ պայմաններին հետեւելու մասին:
Ռուսաստանցի քաղաքագետը պետք է հասկանար, որ Ադրբեջանը հրաժարվում է բացել Սարսանգի իր հատվածը, որպեսզի ջրամբարից ջուր մատակարարվի ինչպես իր տարածք, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի մշակվող տարածքներ: Բաքվի ապակառուցողական քաղաքականության հետեւանքով Լեռնային Ղարաբաղում հազարավոր հեկտար հողեր զրկված են ոռոգման ջրից, ինչը մարդու իրավունքների եւ պետության ստանձնած միջազգային պարտավորությունների կոպիտ խախտում է»,- հայտարարել է Արտակ Բեգլարյանը: