Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ԱԳ նախարարությունը կիսում է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբյորն Լագլանդի տեսակետը կազմակերպության կողմից իր մանդատի իրականացման անհրաժեշտության նաեւ Լեռնային Ղարաբաղում եւ Լեռնային Ղարաբաղ մեկնելու հարցի քաղաքականացման անթույլատրելիության մասին:
ԼՂՀ ԱԳՆ. Կիսում ենք ԼՂ մեկնելու հարցի քաղաքականացման անթույլատրելիության մասին ԵԽ գլխավոր քարտուղարի տեսակետը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 12, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտարարել է ԼՂՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Սարգսյանը՝ NEWS.am-ի խնդրանքով մեկնաբանելով Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբյրոն Յագլանդի՝ հոկտեմբերի 10-ին ԵԱՀԿ աշնանային նստաշրջանում արած հայտարարությունը Լեռնային Ղարաբաղ Եվրոպայի խորհրդի մուտքի անհրաժեշտության մասին:
«Եվրոպայի խորհրդի նպատակը ժողովրդավարության սկզբունքների, մարդու իրավունքների եւ ամբողջ եվրոպական մայրցամաքում օրենքի գերակայության առաջմղումն է, եւ ղարաբաղա–ադրբեջանական հակամարտության չկարգավորվածությունը չպետք է առիթ դառնա Լեռնային Ղարաբաղի բնակիչների իրավունքների անտեսման համար:
Խոչընդոտելով Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչների այցելությանը Լեռնային Ղարաբաղ՝ Ադրբեջանն առաջին հերթին ցուցադրում է, որ չի ընդունում այդ կազմակերպության հիմքում ընկած նպատակներն ու սկզբունքները»,- ընդգծել է Անի Սարգսյանը: