Աշխարհին Ամերիկան պետք է որպես համաշխարհային ժանդարմ։
ՆԱՏՕ նախկին գլխավոր քարտուղար․Աշխարհին Ամերիկան պետք է որպես համաշխարհային ժանդարմ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Sky News–ին տված հարցազրույցում նման տեսակետ է հայտնել ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը։
Նրա խոսքով ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման բավականաչափ չի ջանացել հակամարտությունները կանխելու համար։ Նա նշել է, որ ԱՄՆ հաջորդ նախագահը պետք է ավելին անի աշխարհը կառավարելու համար։ «Բարաք Օբաման դժկամությամբ էր օգտագործում ռազմական ուժը կամ սպառնալիքը աշխարհում հակամարտությունների կանխման համար»,- համարում է Անդերս Ֆոգ Ռասմուսսենը։ «Մեզ պետք է Ամերիկան որպես համաշխարհային ժանդարմ։ Մեզ պետք է ամերիկյան գլոբալ լիդերություն»,- նշել է նա։
Նրա կարծիքով անկախ նրանից, թե ով կդառնա ԱՄՆ հաջորդ նախագահը, նա ինտերվենցիայից բացի այլ ընտրություն չունի։ «Գերտերությունները երբեք թոշակի չեն գնում, նայեք ձեր շուրջը, աշխարհը վտանգի մեջ է։ Սիրիային պատերազմն է բզկտում։ Իրաքը կոլապսի շեմին է։ Լիբիան անգործունակ պետություն է։ Ռուսաստանը Ուկրաինայի վրա է հարձակվում ու ապակայունացնում Արեւելյան Եվրոպան։ Չինաստանը մկաններն է ցույց տալիս, իսկ ԿԺԴՀ-ն էլ միջուկային հարձակումներով է սպառնում։ Այս ամենը խոսում է համաշխարհային ժանդարմի անհրաժեշտության մասին»,- ասել է Դաշինքի նախկին գլխավոր քարտուղարը։
Միաժամանակ նա մտահոգություն է հայտնել ընտրություններում Դոնալդ Թրամփի հնարավոր հաղթանակի կապակցությամբ։ Հաշվի առնելով Թրամփի հայտարարությունները, դա կարող է շատ վտանգավոր լինել աշխարհի համար»,- նշել է նա։