Ասկերանի շրջանի Նախիջևանիկ գյուղի 697 հեկտար վարելահողերի մեծ մասը մշակվում է ցանքաշրջանառությամբ, որի շնորհիվ գյուղում այս տարի բերքատվության միջին ցուցանիշը հասել է 30 ցենտների:
Գյուղատնտեսության զարգացման հայեցակարգից մեծ ակնկալիքներ կան. համայնքի ղեկավար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Նախիջևանիկի համայնքի ղեկավար Անատոլի Սահակյանը՝ նշելով, որ կառավարության կողմից այս օրերին մշակվող գյուղատնտեսության զարգացման հայեցակարգից մեծ ակնկալիքներ կան, և համոզված է, որ այն նպաստելու է գյուղում հողագործության և անասնապահության զարգացմանը:
«Ըստ իս, գյուղատնտեսության ոլորտում նորարար տեխնոլոգիաներ կիրառելով՝ կբարձրացնենք բերքատվությունը և մրցունակ կդառնանք շուկայում»,- մանրամասնել է Ա. Սահակյանը՝ ասելով, որ համայնքի գյուղատնտեսական պոտենցիալը մեծ է, և, հնարավորության դեպքում, գյուղացիները պատրաստ են շուրջ 22 հեկտար կազմող պտղատու այգիների թիվը մի քանի անգամ մեծացնել:
Համայնքում կանոնավոր գործում է մշակույթի տունը և բուժկետը: Ըստ համայնքի ղեկավարի՝ երիտասարդները հիմնականում մնում են գյուղում և ներգրավվում գյուղատնտեսական աշխատանքներում:
«Գյուղն այժմ ունի 238 բնակիչ: Միջնակարգ դպրոցում սովորում է 70 աշակերտ: Ուսումնական հաստատության աշակերտների թիվը, նախորդ տարվա համեմատ, հինգով ավելացել է»,- ասել է համայնքի ղեկավարը և հավելել, որ գյուղում լուծված են նաև խմելու և ոռոգման ջրի խնդիրը: