Այսօր Ուզբեկստանում մեկնարկել է նախագահական ընտրությունների արտահերթ քվեարկությունը, որը տևելու է մինչև դեկտեմբերի 2-ը:
Ուզբեկստանում մեկնարկել է նախագահական ընտրությունների արտահերթ քվեարկությունը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես նշում է ria.ru-ն, ընտրատեղամասերն ամեն օր աշխատելու են առավոտյան 9:00-ից մինչև երեկոյան 18:00-ն:
Հաղորդվում է նաև, որ նախագահական ընտրությունները կայանալու են դեկտեմբերի 4-ին: Երկրի ղեկավարն ընտրվելու է կառավարման 5-ամյա ժամկետով:
Աղբյուրը մանրամասնում է, որ Ուզբեկստանի օրենսդրության համաձայն՝ երկրի քաղաքացիները, որոնք ինչ-ինչ պատճառներով հնարավորություն չեն ունենա ընտրությունների օրը տալ իրենց քվեն, կարող են դա անել նախապես: Նշվում է, որ արտահերթ քվեարկությունը մեկնարկում է ընտրություններից 10 օր առաջ ու ավարտվում ընտրություններից 1 օր առաջ:
Աղբյուրը հիշեցնում է, որ սեպտեմբերի 2-ին 78 տարեկանում կաթվածից մահացել է Ուզբեկստանի առաջին նախագահ Իսլամ Քարիմովը, ինչից հետո նախագահի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել վարչապետ Շավքաթ Միրզիյոևը, որը, ըստ քաղաքագետների, համարվում է երկրի նախագահի պաշտոնի գլխավոր հավակնորդը: